Արա Բաբլոյանը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ


Արա Բաբլոյանը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ

  • 31-01-2018 18:15:52   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ:
Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ Ռոբերտ Ֆիցոնը գոհունակությամբ նշել է, որ Սլովակիայի Հանրապետությունը միջխորհրդարանական հարթակներում կարողանում է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության համար:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կողմից շենգենյան պետությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի ազատականացումը եւ վստահեցրել, որ Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ: Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցությանը, այդ թվում երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառությանն առնչվող հարցեր. Սլովակիայի վարչապետը հույս է հայտնել, որ ապագայում առեւտրաշրջանառության ծավալները կաճեն, ինչի համար իր երկիրը կիրականացնի անհրաժեշտ բոլոր քայլերը:
 
Արա Բաբլոյանը, խոսելով երկու պետությունների բարեկամության մասին, մասնավորապես նշել է. «Մենք ունենք համընդհանուր արժեքներ ու նպատակներ, որոնք պետք է պահպանենք ու առավել ամրապնդենք»: Նա խորհրդանշական է համարել այն իրողությունը, որ երկու պետություններն այս տարի նշում են իրենց առաջին հանրապետության 100-ամյակը: Արա Բաբլոյանը կարեւորել է Սլովակիայի եւ Հայաստանի կառավարությունների փոխգործակցության առավել ակտիվացումը, ինչն իր հերթին կհանգեցնի բարեկամական կապերի խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության բարելավմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Արա Բաբլոյանն ընդգծել է այս հարցում Սլովակիայի Հանրապետության հավասարկշիռ մոտեցման անհրաժեշտությունը՝ անթույլատրելի համարելով հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցերում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ:
«Սլովակիայի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ ժամկետներում կավարտի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական վավերացման գործընթացն ու հարկավոր փաստաթղթերն անմիջապես կուղարկի Սլովակիայի խորհրդարան»,-ասել է վարչապետը՝ վստահեցնելով, որ իր երկիրը բաց է ակտիվ համագործակցության համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն