Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը


Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը

  • 31-01-2018 18:30:23   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն

Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ:
Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական, փոխըմբռնման եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված կապեր: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել քաղաքական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ` այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, օրենսդիրների հաճախակի փոխայցերը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում:
 
Արա Բաբլոյանը արժեւորել է Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, ինչպես նաեւ նման հանցանքների կանխարգելման հարցում առանձնակի կարեւորել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը:
Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկան, բարձր գնահատելով երկկողմ համագործակցության մակարդակը, նշել է, որ դրանք առավել զարգացնելու եւ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու մեծ ներուժ կա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային խնդիրներին, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին եւ այլ հարցերի: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն