ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Վիեննայում


ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Վիեննայում

  • 31-01-2018 19:54:30   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 30-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Վիեննայի «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին:
 
Ընդունելությանը մասնակցեցին ԵԱՀԿ-ում հավատարմագրված դիվանագիտական և ռազմական առաքելությունների ղեկավարներ, ռազմական խորհրդականներ, Ավստրիայի Զինված ուժերի և բանակի հրամանատարության բարձրաստիճան զինվորականներ, ավստրիահայ համայնքի հոգևոր առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ:
 
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայոց պետականության կայացման ու ամրապնդման գործում Հայոց բանակի անփոխարինելի առաքելությանը՝ ընգծելով, որ գրեթե երեք տասնամյակ շարունակ հայ զինվորը և հայ սպան հանդիսանում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման գլխավոր երաշխավորը:
 
Դեսպանը հավելեց, որ առանց Հայոց բանակի մարտական պատրաստվածության բարձրացման, նրա հետագա զարգացմանն ուղղված մշտական բարեփոխումների իրագործման ՀՀ իշխանությունների հետևողական ջանքերի, հնարավոր չէ տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղություն ու առաջընթաց ապահովել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն