Դեսպան Գալոյանը մասնակցել է Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը


Դեսպան Գալոյանը մասնակցել է Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը

  • 31-01-2018 19:57:39   | Բրազիլիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 29-ին Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) տեղի ունեցավ Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը: 
 
Ներկաների թվում էին Բրազիլիայի և Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի մտավորականության ընտրանին, ԶԼՄ-ներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի առաջնորդությամբ միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները:
 
Բրազիլիայի խոշորագույն համայնքի ղեկավար, նահանգապետ Ժերալդու Ալքմինը արարողության ժամանակ իր ելույթում վստահություն հայտնեց, որ համալսարանն ի դեմս իր նոր ղեկավար կազմի շարունակելու է նոր հաղթանակներ գրանցել հանուն Սան Պաուլոյի և Բրազիլիայի:
 
Ստանձնելով իր բարձր և պատասխանատու պաշտոնը` պրոֆեսոր Հակոբյանը առանձնակի ընդգծեց իր հայկական ծագումը և ողջույնի խոսքեր ուղղեց ՀՀ դեսպանին և հայ համայնքի ներկայացուցիչներին: 
 
Հատկանշական է, որ համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում գործում է նաև Հայագիտության ամբիոնը: 
 
Տեղեկանք: Վահան Հակոբյանը ծնվել է 1951 թվականին Ստամբուլում: 1974 թվականին ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1978 նույն դպրոցի քաղաքաշինության ֆակուլտետը: 1982 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի Քինգս քոլեջ համալսարանում:
 
1975 թվականից ի վեր, պրոֆեսոր Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունը ընթացել է Սան Պաուլոյի համալսարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ` հանդիսացել է Պոլիտեխնիկական դպրոցի տնօրենի տեղակալը, Սան Պաուլո նահանգի տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը, Սան Պաուլո նահանգի գիտության և տեխնոլոգիաների քարտուղարության համակարգողը, շինարարության ոլորտում հետազոտությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն: 2010-2014թթ համապատասխանաբար զբաղեցրել է համալսարանի պռորեկտորի պաշտոնը: Համալսարանի կանոնադրության համաձայն Վահան Հակոբյանը պաշտոնավարելու է մինչև 2022 թվականը:
 
Սան Պաուլոյի համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին և հանդիսանում է ոչ միայն Բրազիլիայի ամենահեղինակավոր համալսարանը, այլև մեծ հեղինակություն է վայելում ամբողջ տարածաշրջանում: Անցած 84 տարիների ընթացքում գիտության և կրթության ոլորտներում համալսարանը գրանցել է բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ:
 
Հիմնադրման առաջին իսկ օրերից համալսարանը հանդիսացել է երկրի մտավոր ընտրանու ձևավորողը և կառավարող էլիտայի դարբնոցը: Համալսարանին է պատկանում երկրի ընդհանուր գիտատեխնիկական արդյունքի 22%-ը, ասպիրանտների` 13,2%-ը, գիտությունների դոկտորների` 15.5%-ը, ինչպես նաև մագիստրոսների 7.6%-ը: Համալսարանը ստորագրել է 1600 արձանագրություն և պայմանագիր իր ազգային և միջազգային գործընկերների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն