Դեսպան Ղազարյանն այցելել է Լեհաստանի Շվիենտոկշիսկե վոևովոդություն և մասնակցել նահանգային խորհրդի նիստի


Դեսպան Ղազարյանն այցելել է Լեհաստանի Շվիենտոկշիսկե վոևովոդություն և մասնակցել նահանգային խորհրդի նիստի

  • 31-01-2018 19:59:47   | Լեհաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 29-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Լեհաստանի Շվիենտոկշիսկե վոևովոդության Սեյմիկի (նահանգային խորհրդի) նախագահ Արկադիուշ Բոկի հրավերով աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Կիելցե քաղաք:
 
Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը որպես պատվավոր հյուր մասնկացեց Շվիենտոկշիսկե վոևովության Սեյմիկի նիստին և հանդես եկավ ելույթով: Նիստին մասնակցում էին նաև հայ-լեհական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, Կիելցեի հայ համայնքի ղեկավար Վարուժան Չոբանյանը, Կիելցեի գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը:
 
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ դեսպանը նահանգային խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ Կիելցեի Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանում 2017-2018 թվականների ուսումնական տարին ամբողջությամբ նվիրված է Հայաստանին, և արդեն ընթացքի մեջ են մշակույթի ոլորտում համագործակցության մի շարք կարևոր ծրագրեր:
 
Էդգար Ղազարյանը նաև ներկայացրեց իր նախորդ այցելությունների ընթացքում տեղի ունեցած հանդիպումները, խոսեց Կիելցեում հայ համայնքի մասին՝ շեշտելով մեր հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը մարզի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին, ինչի վառ ապացույցն է Շվիենտոկշիսկե վոևովության Սեյմիկի նախագահի տեղակալի պաշտոնում հայ անվանի բժիշկ Գրիգոր Շահինյանի ընտրությունը։
 
Ելույթի ավարտին դեսպան Ղազարյանը շնորհավորեց նիստի բոլոր մասնակիցներին Լեհաստանի Անկախության 100-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև Շվիենտոկշիսկե վոևովության կազմավորման 20-ամյակի առթիվ` մաղթելով մարզին նոր հաջողություններ և բարգավաճում:
 
Կիելցե կատարած այցի ընթացքում դեսպանը այցելեց նաև Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարան, որտեղ հանդիպեց ուսումնարանի տնօրինության, Հայ-լեհական հիմնադրամի ներկայացուցիչների, Կիելցեի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից Կիելցե ժամանած խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի հետ: Էդգար Ղազարյանը ծանոթացավ գեղարվեստի ուսումնարանում Հայաստանին նվիրված ուսումնական տարվա շրջանակներում կատարված աշխատանքներին և ծրագրերին։
 
Նույնը օրը դեսպան Ղազարյանը մասնակցեց հայկական ավանդական ուտեստների շնորհանդեսին, որը կազմակերպվել էր “Smaki Kaukazu” հայկական ռեստորանի կողմից։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Շվիենտոկշիսկե վոևովության Սեյմիկի նախագահ Արկադիուշ Բոկը, Շվիենտոկշիսկե վոևովության մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, բազմաթիվ լրագրողներ և այլ հյուրեր:  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն