Համալրվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը․ԱՆ


Համալրվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը․ԱՆ

  • 01-02-2018 14:24:02   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերությունը ևս ընդգրկվեցին պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից, անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը:
 
Նախարար Հարությունյանի խոսքով, ներկայում գործում է 89 գրասենյակ, որոնք   մատուցում են 67 պետական ծառայություն: «Ծառայություններից մոտ տասն առավել պահանջված են, որոնք էլ իրականում կազմում են մատուցված ծառայությունների 95 %-ը»,-նշել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պատահական չեն ընտրվել. վերջիններս օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով, կարող են պատշաճ կերպով իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները, իսկ «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերությունն ունի նաև 26 տեխնիկապես հագեցած գրասենյակներ, որոնք  ունեն քաղաքացիների սպասարկման մեծ փորձ:
Հիշեցնենք, որ 2016 թվականից պետական իշխանությունների մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը Երևանում և մարզերում յոթն է՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» փակ բաժնետիրական և «Հայէկոնոմբանկ» ու «Աարարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունները: 
Միասնական գրասենյակներում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող մի շարք ծառայություններից:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք