Հստակեցվում և լրացվում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումները

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հավանություն է տրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում  և հարակից մի շարք օրենքներում լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
 
Օրենսդրական փաթեթում միավորված են ՏՄՊՊՀ-ի տարբեր տարիներին մշակած օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական
միությանն անդամակցության կապակցությամբ ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:  Նախագծերի ընդունումն էապես կբարելավի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես՝ սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի  նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության  դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձնաց պատասխանատվությունից ազատման և տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:
ՀՀ կառավարությանը նախատեսվում է վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն 
Հավանության է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում և ևս երկու օրենքներում  լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով և միջազգային պայմանագրերով Հայաստանի  ստանձնած  պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Օրինագծերում  սահմանվում է  «հողային ծածկույթ» հասկացությունը և տրվում է դրա դասակարգումը: 
Նախագծերի կիրառման արդյունքում  հանրապետության տարածքում կձևավորվի տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազա, կապահովվի շրջակա միջավայրի և բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատումը, ինչն էլ հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել հողերի պահպանության խնդիրները, նպաստել խախտված հողերի վերականգնման ապահովման նախադրյալների ստեղծմանը: Բացի այդ, նախագծի նպատակն է նաև ՀՀ կառավարությանն իրավասություն  վերապահել սահմանելու ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը:  Ներկայումս հանրապետությունում իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնց շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության  համար անհրաժեշտ է հողագրունտ (լիցքի նյութ): Հողագրունտի հանման հետ կապված հարաբերությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողագրունտը  հանդիսանում է հողածածկույթի մաս և վերջինիս նկատմամբ կիրառելի չէ ընդերքօգտագործման հետ կապված իրավակարգավորումը, իսկ հողագրունտի հանման կարգը, պայմանները ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն: Ստեղծված իրավիճակը և առկա իրավական բացը խոչընդոտ է հանդիսանում ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերն իրականացնող կապալառու կազմակերպությունների համար ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտն օրենսդրության պահանջներին համապատասխան հանելու և շինարարական աշխատանքները ժամանակին կատարելու և ավարտելու համար: Վերոշարադրյալ խնդիրը լուծելու նպատակով, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն:  Վարչապետը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը,  նշել է. ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում կապալառուի, դոնոր կազմակերպության մոտ կան հարցադրումներ՝ կապված ճանապարհաշինարարության իրականացման համար պահանջվող լիցքի նյութերի ձեռքբերման հետ, որոնք պահանջում են արագ և օպերատիվ լուծումներ: Մասնավորապես, այդ հարցադրումները բարձրացրել է և՛ բանկը, և՛ Չինաստանի դեսպանը»: Այդ նպատակով կառավարության ղեկավարը  հանձնարարել է փոխվարչապետ,  միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի մոտ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների,  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության նախարարների մասնակցությամբ կազմակերպել քննարկում և կառավարության անունից պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին՝ տեղեկացնելով արդյունքների մասին:
Գործադիրը հավանություն է տվել ««Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի մշակումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Մասնավորապես, ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով  հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է ՀՀ Նախագահը։ 
Կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին  փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել արտահերթ նիստ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար