Կեղծիքի զարթոնք. Սահակաշվիլիի գիրքը մեծ շուքով գովազդվում է. Վահան Իշխանյան


Կեղծիքի զարթոնք. Սահակաշվիլիի գիրքը մեծ շուքով գովազդվում է. Վահան Իշխանյան

  • 01-02-2018 16:34:07   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Սիրտս խառնեց, երբ կարդացի Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքից հատված. «Ես որոշեցի դատական բարեփոխումներով զբաղվել» տպվել է «Հայկական ժամանակում»։ Երկու տող փորձեցի ավել կարդալ, ավելի սիրտս խառնեց։

 

Չարենցի տուն թանգարանում նախատեսված է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը փետրվարի 7֊ին, սակայն թանգարանի տնօրինությունը չեղարկել է (գիրքը թարգմանել է Միքայել Նահապետյանը, հրատարկիչը ոչ մի տեղ չի նշված)։ Շնորհանդեսը լինելու է Նոյյան տապան գրախանութում, բայց հայկական քաղաքացիական հասարակությունը մեծ աղմուկ բարձրացրեց՝ շնորհանդեսի չեղարկումը որակելով որպես գրաքննություն։

 

Անցած օրերին հայկական մամուլի թիվ մեկ թեման դարձել էր շնորհանդեսի չեղարկումը (մի օրինակ Հրապարակի նյութը՝ «Մշակույթի նախարարությունը արգելել Է Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը»

 

Այս պատմությունը օգնեց, որ Սահակաշվիլու գրքի նկատմամբ հետաքրքրությունը աճի, այնքան, որ ես էլ բացեմ թերթերը ու փորձեմ մի քանի տող կարդալ։ Պարզվեց, որ հայկական մի շարք թերթեր երկու ամիս շարունակ հատվածներ են տպում այդ գրքից՝ առանց խմբագրության կողմից ստերը ծանոթագրելու։

 

Քաղաքացիական հասարակությունը շնորհանդեսի չեղարկումը համեմատեց անցած տարի Թումանյանի տուն թանգարանում բացված «Խավարում» ցուցահանդեսի կասեցման հետ։ «Խավարումը» պատմում էր ստալինյան բռնաճնշումների մասին, մշակույթի նախարարությունը ցուցադրությունը կասեցրել էր։

 

Միակ ընդհանրությունը այն է, որ մշակույթի նախարարությունն է կասեցնողը, իսկ տարբերություններն ավելի շատ են. մի դեպքում՝ «Խավարումը» թանգարանի նախագիծն էր, իսկ մյուսը՝ թանգարանի հետ կապ չունի։ Բովանդակային առումով էլ են տարբեր՝ մեկը բռնության դեմ, զոհերի հիշատակին է նվիրված, մյուսը բռնապետի երկրպագություն ու նրա տիրապետության մասին կեղծիքի տարածումն է։

 

Իհարկե, մշակույթի նախարարությունը իր պատճառներն ունի շնորհանդեսը չեղարկելու, այսուհանդերձ խոշտանգումներով բանտեր պահող բռնակալի գրքի շնորհանդեսի ամենահարմար տեղը բանտում խոշտանգումներից սպանված բանատեղծի տուն թանգարանը չի։

 

Թագուհի Ղազարյանի ֆբ էջից

Թագուհի Ղազարյանի ֆբ էջից

 

 

«Վահան խնդրում եմ որևէ արժանահավատ վկայություն բերեք, որ վրացիները ատում են Սահակաշվիլիին, բացի սեփական խոսքին հղվելը: Ես չգիտեմ Դուք որ վրացիների հետ եք շփվում, իմ հետ ով շփվել է, բոլորն ասում էին, որ նա Վրաստանը դարձրեց քիչ թե շատ եվրոպական մոդելին մոտ, զարգացող երկիր»,֊ հարցնում է բանաստեղծ Արթուր Մեսրոպյանը, ով նույնպես վրդովված է շնորհանդեսի չեղարկմամբ և ասում է, որ իրեն Սահակաշվիլին առանձնապես չի հետաքրքրել երբևէ, խնդիրն այն է, որ գրաքննությունը անընդունելի է առհասարակ։

 

Էլի եմ հանդիպել նույն մոտեցմանը «ինձ ո՛չ Սահակաշվիլին հետաքրքրական է, ոչ էլ այդ գիրքը, ոչ էլ պիտի կարդամ, ինձ գրաքննության փաստը հետաքրքրական է»։

 

Իրոք ո՞րն է ավելի հետաքրքրական՝ գրաքննաության փա՞ստը, թե՞ Սահակաշվիլին.

 

«Սահակաշվիլիի ռեժիմը հարազատ է ֆաշիզմին, 325 հազար վրացի է բանտերում նստել»,֊ այս վերնագիրն ունի վրացի իրավապաշտպան, «Նախկին քաղբանտարկյալները հանուն մարդու իրավունքների» հկ֊ի նախագահ Նանա Կակաբաձեի հետ հարցազրույցը.

 

«Բանտերում կտտանքներ էին ու անմարդկային վերաբերմունք։ Երբ ինձ հարցնում են ինչի հետ կարելի է համեմատել Սահակաշվիլիի ռեժիմը, ես պատասխանում եմ՝ ֆաշիզմի հետ։ Նաև այն նման էր 30֊ականների սովետական շրջանին, երբ, ինչպես գիտեք, միլիոնավոր մարդիկ են գնդակհարել։ Այդպես էր նաև Վրաստանում։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ անմեղ մարդկանց փողոցում գնդակահարել են ոստիկանները կամ էլ քաղաքացիական հագուստով հատուկջոկատայինները։ Նրանք սպանում էին հիմնականում երիտասարդ տղաների։ Միայն մեր կազմակերպությունը 150 այդպիսի անուն ունի, որոնց սպանել են հենց փողոցում»։

 

Կակաբաձեի հետ հարցազրույցի մյուս մասը վերնագրված է.«գրեթե ամեն բանտարկյալի բռնաբարում էին»։

 

Հողվածն ամբողջությամբ՝ այստեղ

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play