Հայաստանը այս տարի գրանցել է փոքրիկ ժողովրդավարական առաջընթաց. «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի»


Հայաստանը այս տարի գրանցել է փոքրիկ ժողովրդավարական առաջընթաց. «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի»

  • 01-02-2018 18:50:41   | Հայաստան  |  Վերլուծություն

Հունվարի  31-ին «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակեց իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ։ «Ժողովրդավարության ինդեքս-2017» վերնագիրը կրող զեկույցը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն աշխարհի 165 երկրներում և 2 տարածքային միավորներում ժողովրդավարության միտումները նախորդ տարվա ընթացքում։ Ինչպես միշտ զեկույցը տեղեկություններ է պարունակում նաև Հայաստանի մասին։
 
Հիբրիդային ռեժիմ
 
Զեկույցը մի շարք հատկանիշների (ընտրական գործընթացներ և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեության գնահատական, քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ) ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երկրի տալիս է 0-10 միավոր, ընդ որում 0-ն բացասական ցուցանիշն է, իսկ 10-ը՝ դրականը։ Համաձայն զեկույցի՝ երկրներն ըստ իրենց կառավարման համակարգի՝ դասակարգվում են չորս հիմնական խմբի․ «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր), «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր), «հիբրիդային ռեժիմներ» (4-6 միավոր) և «ավտորիտար ռեժիմներ» (4 և ցածր միավոր)։ Հայաստանը այս տարի դասակարգվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին, այնինչ՝ նախորդ տարի ՀՀ-ն «ավտորիտար ռեժիմների» շարքում էր։ 
 
Հայաստանի դիրքի բարելավումը զեկույցի հեղինակներն հիմնավորում են այն հանգամանքով, որ Հայաստանը նախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանականի։ Ընդ որում, 165 երկրների շարքում Հայաստանը 111-րդ տեղում է՝ Պակիստանի (110) և Իրաքի (112) մեջտեղում: Այսինքն, ըստ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի»՝ Պակիստանը Հայաստանից ավելի ժողովրդավար է։ Հայաստանից ավելի ժողովրդավար են նաև Նիկարագուան, Թայլանդը, Պաղեստինը և Նիգերը։
 
Ավտորիտարից հինգ պակաս
 
Թեև Հայաստանը այս տարի «ավտորիտար ռեժիմների» շարքում չէ, սակայն ըստ զեկույցի՝ 2017թ․ ՀՀ ժողովրդավարության հավաքական միավորը 4,11 է, մինչդեռ 4 և 4-ից ցածր միավորների դեպքում երկիրը համարվում է ավտորիտար։ Նախորդ տարի ՀՀ ցուցանիշը 3․88 էր, այսինքն՝ 0,11 միավորի շնորհիվ է, որ այս տարի ևս ավտորիտար համակարգերի շարքին չենք դասվել: ՀՀ ժողովրդավարության հավաքական միավորը ձևավորվել է հետևյալ ենթամիավորների համադրությունից՝ 
 
Ընտրական գործընթացներ և բազմակարծություն 
 
Կառավարության գործունեության գնահատական
 
Քաղաքական մասնակցություն
 
Քաղաքական մշակույթ
 
 
Քաղաքացիական ազատություններ
 
5․25
 
2․86
 
5․00
 
1․88
 
 
5․59
 
 
 
Փաստորեն, Հայաստանի կառավարության գործունեությունը և քաղաքական մշակույթը Հայաստանում ավտորիտար պետության ցուցանիշներ ունեն։ Բարեաբախտաբար մյուս երեք ենթացուցանիշները մեզ թույլ են տալիս Իրաքից փոքր ինչ ավելի ժողովրդավար համարվել։ Ուշագրավ է, որ աշխարհի ամենաքիչ ժողովրդավար երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի կառավարության գործունեությունը ևս գնահատվել է 2.86 միավոր։ Նմանատիպ ցուցանիշ ունի նաև Լաոսը 
 
Տարածաշրջան
 
Միաժամանակ Հայաստանից ավելի բարվոք վիճակում են գտնվում Մոլդովան` 78-րդ տեղում, Վրաստանը՝ 79, և Ուկրաինան՝ 83, իսկ ավելի վատ վիճակում՝ Բելառուսը՝ 138, ու Ադրբեջանը՝ 148։  Ընդ որում, ի տարբերություն «հիբրիդային ռեժիմ» համարվող Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի՝ Բելառուսն ու Ադրբեջանը ավտորիտար համակարգեր են։ 
 
Ուշագրավ է, որ ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստանն է «հիբրիդային ռեժիմ» և իր 5.11 ընդհանուր ցուցանիշով Հայաստանից ավելի բարձր տեղ է զբաղեցնում ցուցակում։ Մյուս անդամները՝ ՌԴ-ն (3.17 հավաքական միավոր), Բելառուսը (3.13 հավաքական միավոր) և Ղազախստանը (3.06 հավաքական միավոր) բոլորն էլ ավտորիտար համակարգերի շարքում են՝ համապատասխանաբար 135, 138 և 141-րդ տեղերում։ 
 
Այսպիսով, ըստ «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթի»՝ Հայաստանը այս տարի գրանցել է փոքրիկ ժողովրդավարական առաջընթաց, սակայն դեռևս չի հասել Պակիստանի ժողովրդավարության մակարդակին, իսկ ՀՀ կառավարությունը գործունեությունը գնահատվել է Սաուդյան Արաբիայի կառավարությանը համարժեք։ 
 
 
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն