Սադրանք Վրաստանի դեմ. Հայաստանը զգում է հետեւանքը


Սադրանք Վրաստանի դեմ. Հայաստանը զգում է հետեւանքը

  • 01-02-2018 19:13:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի հետ բանակցության Վրաստանի վարչապետի բանագնաց Զուրաբ Աբաշիձեն Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հեռախոսային հարցազրույցում լավատեսորեն չի արտահայտվել տրանսպորտային միջանցքների մասին վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի իրականացման հեռանկարի մասով:
 
Աբաշիձեն հարցազրույցը տվել է հունվարի 31-ին Պրահայում բանակցության հերթական փուլից հետո: Նա ասել է, որ Ռուսաստանը անթույլատրելի մեկնաբանություն է անում համաձայնագրի մաքսային մոնիտորինգի մասով, խոսելով վրաց-աբխազական եւ վրաց-օսական մաքսակետերի մասին:
Աբաշիձեի խոսքով, համաձայնագրում չկա որեւէ խոսք Աբխազիայի եւ Օսիայի մասին, իսկ կա ընդամենը տրանսպորտային միջանցքների սկզբում եւ վերջում մոնիտորինգի կետեր ունենալու մասին, որտեղ էլ բեռներին պետք է հետեւի երրորդ կողմը՝ շվեյցարական ընկերությունը:
Վրաստանի բանագնացի մեկնաբանությունը հուշում է, որ 2011 թվականի համաձայնագրի իրականացման հարցում առաջընթաց կամ չկա, կամ այն չափազանց դանդաղ է: Համենայն դեպս, Աբաշիձեի խոսքը վկայում է, որ Պրահայի հերթական փուլը անցել է անարդյունավետ:
Անարդյունավետությունը սպասելի էր բանակցային այդ փուլից առաջ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինի հայտարարությունից, որ նա արել էր համաձայնագրից Հայաստանի օգտվելու հեռանկարի վերաբերյալ: Կարասինը, որը ռուսական բանակցողն է, ասել էր, թե Երեւանը դիմել է տրանսպորտային միջանցքները բացելու դեպքում դրանցից օգտվելու համար, բայց պայմանագրում որեւէ խոսք չկա երրորդ կողմի՝ թե Հայաստանի, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին:
Այդպիսով, Պրահայի հերթական փուլից առաջ ՌԴ արտգործնախարարը փաստացի թափանցիկ տեքստով ակնարկել էր, որ Մոսկվան ակնկալում է կամ մտադիր է որեւէ կերպ «պայմանագիր խցկել» Աբխազիան եւ Օսիան, այդպիսով ստեղծել վիճակ, երբ Թբիլիսին որեւէ իրավա-պայմանագրային շփման կամ հաղորդակցության մեջ կմտնի այդ սուբյեկտների հետ:
Վրաստանի համար դա անընդունելի է եւ դժվար է պատկերացնել, որ տեսանելի ապագայում Վրաստանի որեւէ կառավարություն կարող է համարձակություն ունենալ քննարկել այդպիսի հեռանկար: Դա կարող է օգտագործել վրացական ընդդիմությունը, որն անգամ Գազպրոմից գազ գնելու հարցը դարձնում է Վրաստանի իշխանության դեմ ճնշման բավական կենսունակ միջոց:
Վրաց-ռուսական համաձայնագրի իրականացման մասով առավել լավատեսական էին հայտարարությունները մեկ տարի առաջ, ինչը նույնիսկ Հայաստանի կառավարությանը հնարավորություն տվեց բավական բաց տեքստով խոսել այն մասին, թե հնարավոր է Վերին Լարսի այլընտրանք: Բանն այն է, որ առաջընթացի մասին մեկ տարի առաջ խոսում էին թե Վրաստանը, թե Ռուսաստանը:
Ներկայում, փաստորեն, կա հետընթացի նշան, եւ տպավորություն է, որ Ռուսաստանն է կոշտացրել դիրքորոշումը: Ի՞նչն է դրա պատճառը, պարզ չէ: Տրանսպորտային միջանցքների գործարկումը ՌԴ համար գործնականում չունի կենսական նշանակություն: 2011 թվականի պայմանագրին Մոսկվան գնացել է թերեւս այն պատճառով, որ Վրաստանից ստանա Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հավանություն: Վրաստանի համար էլ բանակցային գործընթացն ու Ռուսաստանի հետ շփումները ունեն անվտանգության հարցում «սադրանքների ռիսկային ֆոնը» նվազեցնելու նպատակ, թեեւ բանակցությունն ու շփումներն ինքնին ամենեւին երաշխիք չեն, եւ Վրաստանը փորձում է խորացնել իր ռազմա-տեխնիկական ու ռազմա-քաղաքական գործակցությունը ՆԱՏՕ հետ, ՆԱՏՕ անդամ առանձին պետությունների հետ: Մի քանի շաբաթ առաջ Վրաստանը ստացավ ամերիկյան հակատանկային Ջավելինները, որոնց մատակարարումը կշարունակվի:
Չի բացառվում, որ Ռուսաստանին զայրացնում է այն, որ Վրաստանը մի կողմից բանակցելով, մյուս կողմից դրանով փաստորեն «ժամանակ է շահում» ՆԱՏՕ հետ հարաբերությունը խորացնելու եւ առավել ամուր անվտանգություն կառուցելու համար: Նկատելի է, որ ՆԱՏՕ-ն այդ իմաստով Վրաստանի հանդեպ վարում է զգուշավոր ինտեգրացիայի քաղաքականություն, ձգտելով չառաջացնել կտրուկ արձագանքներ Ռուսաստանում:
Այդ իրավիճակում հրապարակում են հայտնվում ամերիկյան փորձագիտական շրջանակների հետաքրքիր զեկույցներ այն մասին, որ Վրաստանի իշխանությունը դիտարկում է առանց Աբխազիայի եւ Օսիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու տարբերակներ:
Այդպիսի «խորհրդատվությամբ» էր հանդես եկել ամերիկյան «Հերիթաջ ֆանդեյշն» փորձագիտական կենտրոնը, ասելով, որ Վրաստանի իշխանությունը մասնավոր զրույցներում համաձայնում է այդ տարբերակին:
Արդյոք փորձագիտական այդ հրապարակումը Վրաստանի անվտանգությանն ուղղված ռացիոնալ խորհրդատվություն է, թե՞ հակառակը՝ տեղեկատվական սադրանք Վրաստան-ՆԱՏՕ գործակցության դեմ, որը կարող է առաջացնել նաեւ այլ ուղղություններում «արատավոր էֆեկտ»՝ այդ թվում Ռուսաստանի վարքագծում:
Բացառված չէ, որ այդ «էֆեկտից» է նաեւ Պրահայի բանակցային հերթական փուլի անարդյունավետությունը:
Բանն այն է, որ ներկայիս ստեղծված իրավիճակում, որը 2011 թվականի համեմատ ունի սկզբունքային վերափոխվածություն, վրաց-ռուսական բանակցությունը կարող է լինել խողովակներից մեկը, որի միջոցով հնարավոր է տրանսֆորմացնել Ռուսաստանի վարքագիծը տարածաշրջանային անվտանգության համակարգի հարցում եւ բերել այն միջազգային անվտանգության համակարգի տրամաբանության դաշտ: Վրաստանն ու Հայաստանն այստեղ առանցքային եւ «հաղորդակից անոթներ» են:
Այդ գործընթացը կատարվում է բավական նուրբ ու բազմաշերտ քայլերով ու նաեւ ակնհայտորեն ելք է Ռուսաստանի համար, որն ունի բավական լուրջ խնդիրներ:
Դա տորպեդահարելու համար պետք է խթանել Ռուսաստանում արմատական տրամադրություններ, միաժամանակ հասարակական դժգոհություն Վրաստան-Արեւմուտք հարաբերության նկատմամբ, փաստացի ակնարկելով, որ այդ հարաբերությունում օրակարգային հարց է Վրաստանի «տարածքային ամբողջության» առեւտուրը, ինչի նկատմամբ վրաց հանրությունն անկասկած կլինի շատ զգայուն:
Միայն զուգահեռ այդ գործընթացի շնորհիվ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են արգելակել տարածաշրջանային անվտանգության համակարգի հանդարտ, բայց կայուն տրանսֆորմացիան եւ սեփական դերի էական նվազեցումը, Ռուսաստանը շարունակելով պահել պատանդի կարգավիճակում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play