Գործարարի ձայնը լսելի չէ՞ նախագահին.....


Գործարարի ձայնը լսելի չէ՞ նախագահին.....

  • 03-02-2018 19:34:05   | Հայաստան  |  Վերլուծություն

 
 
Ռուսաստաբնակ հայազգի գործարար Լևոն Մարկոսի բաց նամակը նախագահ Սերժ Սարգսյանին ուղերձ էր առ այն, թե իրականում ինչպես են վարվում  գործարար աշխարհի ներկայացուցիչների, որոնք ինչ-ինչ պատճառներով կամ դառնում են խաբերության կամ էլ պետական ապարատի անխնա գործողությունների զոհը:
 
Որպես իրավաբան,  ընթերցելով նամակի բովանդակությունը՝  բազում հարցեր են առաջանում, թե ինչպես է, որ որևէ պատկան մարմին, նախագահի մամլո ծառայությունը չեն փորձում արձագանքել գործարարի այս հարցերին: Այսքան անտարբերություն և քարսիրտ լռություն թերևս միմիայն մեր  քաղաքական  և հասարակական կյանքւմ կարելի է հանդիպել: Ինչպես կարելի է արհամարհել մի մարդու, որը ըստ  մամուլի աղբյուրների և ըստ իր գրած նամակի մոտ 300 միլիոն դոլար է ներդրել՝ վտանգելով իր այնտեղի ողջ ունեցվածքը: Նախագահի այսչափ լռությունը չի կարող բանական որևէ հիմք ունենալ, այլ ընդամենը այն, որ նա ունի խոստավանելու բաներ, բայց ինչպե՞ս, եթե  հազար ու մի բաներ կա խոստովանելու: Առանց այդ էլ չարաբաստիկ դամոկլյան սուրն է ճոճվում նրա գլխավերևում: Այս ամբողջը ապացույցն է այն ամենի, որ ցանկացած ոք, ում համար հայրենասիրական մղումները և բարոյահոգեբանական արժեքները  բարձր են ամենից, գալով Հայաստան  փորձում են ներդրում կատարել երկրում,  կարող են կանգնել լրջագույն խնդիրների առջև, ընդհուպ մինչև սնանկություն: Ցանկացած գործարարի, բարերարի նկատմամբ այսպիսի մոտեցումը անընդունելի ու պարսավելի է: Վերջին հաշվով այս ամենը հիշեցնում է մի տխրահռչակ թատրոնի, որի գլխավոր դերակատարները հիմնականում չարաժանտ իրենց գործունեությամբ քամահրում ու կոխկրտում են բոլոր այն ազնվագույն ու բարի կերպարներին, որոնց համար հայրենիքը  գրավադրված չէ այս կամ այն բանկերում, որոնց համար հայրենիքի ամեն մի մասունք  բարձր է այս կամ այն  նյութական արժեքներից:  Հարց տանք ինքներս մեզ, եթե սույն գործարարի դրամական միջոցները վերադարձվեին ու Լևոն Մարկոսը այն ծառայեցներ ըստ այն նպատակի, որի համար և  ներդրումներ էր արել դեռևս 2000-ականներին, ապա որքան  հաջողությունների կհասնեինք  մի շարք ոլորտներում:  Որովհետև գործարարը իր խոսքի մեջ նշել էր, որ այդ գումարը պետք է ծառայեր ժողովրդին ու լուծեր մի շարք աշխատատեղերի և այլ հարցեր:  Կոչս իրավապահ մարմիններին և համաշխարհային հայ հասարակությանն է. անտարբեր մի եղեք, արծարծեք սույն հարցը ավելի լայն շրջանակներում:
 
Ըստ նամակի բովանդակության կան բազում քրեածին տարրեր, որը պետք է հստակ որակավորում ստանա համապատասխան մարմինների կողմից: Եվ վերջում միտքս ավարտեմ համաշխարհային գրականության տիտաններից մեկի՝ Դանթե Ալիգերիի խոսքերով. <<Մարդկային ամենազազիր մեղքերից մեկը անտարբերությունն ու որկրամոլությունն  է, սրանից է ծնվում չարիքի ու քաոսի իշխանությունը>>:
 
Հիշենք  այս խոսքերը և գնահատենք  մեր ազգի  նվիրյալ, հայ զավակներին, որոնցից մեկը գործարար Լևոնն Մարկոսնն է:
 
Հայկազ Մակարյան 
Իրավաբան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play