Լաբորատորիայի տնօրենը մեզի փոխարեն թեյի գույն է ներկայացրել և իր աշխատակիցների կողմից ստացել մեզի պատասխան. «Փաստ»


Լաբորատորիայի տնօրենը մեզի փոխարեն թեյի գույն է ներկայացրել և իր աշխատակիցների կողմից ստացել մեզի պատասխան. «Փաստ»

  • 06-02-2018 17:52:22   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Փաստ» օրաթերթը գրում է
 
Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել:
 
«Սխալ ախտորոշում է եղել, տնօրենը մեզ հրահանգել է դիմում գրել և գործից դուրս գալ: Մի քանի հոգու անփույթ աշխատանքի պատճառով մենք առանց աշխատանք ենք մնում՝ ամենուր թանկացումներ են և գործազրկություն»,– վրդովվեց մեր աղբյուրը:
 
Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք բժշկական կենտրոնի տնօրենի հետ:
 
Աշխատանքից հեռացման հարցը լսելուն պես արձագանքեց. «Ինչի՞, տնօրենն աննորմա՞լ է, որ ամբողջ լաբորատորիայի աշխատակիցներին գործից ազատի»:
 
Նրա խոսքով՝ մարդն ինչպես կվերաբերվի այն փաստին, որ անալիզի պատասխանները մոտավոր գրվեն:
 
«8 ամիս է՝ ես այդ մասին նրանց անընդհատ զգուշացրել եմ, որ նման բան չանեն: Ես զգացել եմ, որ պատասխանները սխալ են»,– ասաց նա:
 
Նունե Ավանեսյանը 8 ամիս է՝ բժշկական հաստատություն է ղեկավարում: Համոզվելու համար, որ աշխատակիցները անալիզի պատասխանները ճի՞շտ են հայտնում, փորձ է կատարել:
 
«Իմ երկու երակները կապտած են: Իմ ձեռքից արյուն եմ տվել տարբեր մարդկանց անուններով: Նույն արյունը չէր կարող տարբեր մարդկանց անուններով տարբեր պատասխաններ ունենալ: Եվ վերջապես, մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան, դա ճի՞շտ է»,– հարց բարձրացրեց տնօրենը:
 
Նա հավաստիացրեց, որ բուժաշխատողներին չի հրահանգել հեռացման դիմում գրել: Տնօրենի պնդմամբ՝ աշխատակիցները հասկացել են իրենց սխալը և աշխատանքից հեռանալու որոշում կայացրել:
 
«Ես ասել եմ՝ դուք չեք կարողանում աշխատել»,– նշեց նա:
 
Մոտ 8 աշխատող սեփական կամքով ազատման դիմում է գրել: Կան մարդիկ, որոնք ծանուցումներ են ստացել: Լաբորատորիան այստեղ 15–16 աշխատող ունի:
 
«Դեռ չենք որոշել, որ մեկն է մեղավոր: Մի քանի հոգի պարտաճանաչ աշխատողներ կլինեն»,– ասաց Ավանեսյանը: Նա նաև մտավախություն ունի, որ տեղի ունեցածի մասին բարձրաձայնումը հիվանդանոցի վարկանիշի վրա կազդի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը