Սյունիքի և Վայոց ձորի համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել է սուբվենցիաների տրամադրման գործընթացը
06-02-2018 17:54:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 6-ին Սիսիան քաղաքում հանդիպել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքների և վարչական ղեկավարների, մարզպետարանի, համայնքապետարանի աշխատակիցների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես` անդրադարձել 2018 թվականին համայնքներին տրամադրվող սուբվենցիաների նոր ընթացակարգին: << Եթե համայնքները ծրագիր են կազմում որևէ կապիտալ ծախս անելու համար և նախատեսում են գումար այդ ամենի համար՝ կարող են դիմել Կառավարությանը։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների համար պետությունը պատրաստ է համաֆինանսավորել համապատասխանաբար 60/40 և 40/60 հարաբերակցությամբ։ Այսինքն՝ տնտեսական զարգացման տնտեսական ենթակառուցվածքները մենք դնում ենք որպես առաջնայնություն՝ ոռոգման ջրագծերը, գյուղատնտեսական տեխնիկան։ Օրինակ, եթե ծրագրի գումարը կազմում է 50 մլն դրամ՝ Կառավարությունը վճարում
է 60 տոկոսը, իսկ համայնքը՝ 40։ Սոցիալական ծրագրերի դեպքում հակառակն է՝ 40-ը պետական բյուջեից, իսկ 60-ը՝ համայնքից»,- նշել է Կարապետյանը:
ՀՀ ՏԿԶ փոխնախարարը տեղեկացրել է, որ սուբվենցիաների հայտերը կընդունվեն մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը և ներկայացրել է դրանց ընդունման չափորոշիչները: Ըստ նրա, մինչև 100 մլն դրամ բյուջեով համայնքը պետք է պատրաստ լինի գոնե 5 մլն դրամ նախատեսել կապիտալ ծախսերի ուղղությամբ, և սուբվենցիաների գործընթացը միտված է նրան, որպեսզի խրախուսի համայնքներին՝ իրենց ընդհանուր բյուջեում կապիտալ ծախսերը հնարավորինս ավելացնելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համայնքների բյուջեներին և ընդհանուր խնդիրներին, ինչպես նաև ներկայացվել է համայնքային տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման թեմային:
Վարազդատ Կարապետյանը սպառիչ պատասխաններ է տվել ներկաներին հուզող հարցերին, տեղեկացրել նաև, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ համայնքներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Փոխնախարարը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է լինելու, և այսօրինակ հանդիպումները ՀՀ բոլոր մարզերում նպաստելու են նորանոր ծրագրերի իրականացմանը: