Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանաների շնորհաբաշխման արարողություն:
Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և Մայր Աթոռի կառույցներում և թեմերում սպասավորող 236 եկեղեցականներ:
Միասնական Տերունական աղոթքից հետո բացման խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Տոնի առիթով շնորհավորելով Նորին Սրբությանը և Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին` Սրբազան Հայրը նշեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը քահանայական ծառայության արժևորման, պանծացման և փառաբանության օր է: Սրբազանը նաև մաղթեց, որ կորովը, ներշնչանքն ու աստվածային շնորհներն անպակաս լինեն քահանայական դասից:
Մինչ պարգևաբաշխությունը «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարերար տիար Ասո Դավիդյանը քահանայից դասին տեղեկություններ փոխանցեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի վերաբերյալ: Տիար Ասո Դավիթյանը ներկայացրեց այս առնչությամբ կատարված աշխատանքները, պատասխանեց հոգևորականների հարցերին:
Այնուհետև տեղի ունեցավ շնորհաբաշխությունը: Տոնի առիթով Վեհափառ Հայրապետը մի շարք եկեղեցականներին շնորհեց քահանայական լանջախաչեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լանջախաչ կրելու իրավունքի արժանացան`
Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը (Մայր Աթոռ Ս. Էջմիածին),
Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ասրյանը (Արցախի թեմ):
Հավարտ պարգևաբաշխումների Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով շնորհավորեց և իր օրհնությունը բերեց արարողության մասնակիցներին` մաղթելով, որ Ս. Ղևոնդյանք մշտապես ոգեշնչեն եկեղեցականներին իրենց առաքելության մեջ:
Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին մեկ ու կես հազարամյակ նշում է այս տոնը` կարևորելով այն արժեքները, որոնք այն մատուցում է մեր ժողովրդին: Վեհափառ Հայրապետը դրանց շարքում մասնավորապես առանձնացրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին անձնազոհ նվիրումը, որն իրենց նահատակությամբ վկայեցին Ս. Ղևոնդյանք:
Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայությանը և հայոց ազգի հոգևոր կյանքին` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ իբրև Տիրոջ խոսքի քարոզիչներ, Տիրոջ այգու մշակներ ու տնտեսներ` եկեղեցականները պետք է այնպես խնամեն Տիրոջ այգեստանները, որպեսզի նրանք ծաղկուն վիճակի մեջ ու բարեբեր մնան, մշտարթուն ու աչալուրջ լինեն, որպեսզի չարը որոմներ չսերմանի, և ժամանակին կարողանան նկատել դրանք և արմատախիլ անել: Վեհափառ Հայրապետը հորդորեց հոգևոր դասին զգոն և նախանձախնդիր լինել հոգևոր սպասավորության մեջ, ազգի զավակներին սնել, կրթել ու դաստիարակել Քրիստոսի պատվիրաններով և պատգամներով, Աստվածաշնչի խոսքով` զգուշացնելով, որ այսօր չարը գործում է տարբեր ու ավելի բարեկիրթ անվանումների ներքո: Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց, որ աշխարհիկության անվան ներքո ներկա ժամանակներում անհավատություն և եկեղեցատյացություն է քարոզվում և տարածվում, փորձ է արվում խարխլել քրիստոնեական հոգևոր արժեհամակարգը, այն արժեքները, որոնցով դարեր շարունակ ապրել է ու հարատևել հայ ժողովուրդը, փորձ է արվում շփոթեցնել և շեղել նրան դարերով դավանած ճշմարիտ հավատքից և արժեքներից:
Հայոց Հայրապետը նշեց, որ այսօրվա եկեղեցականության սրբազան և նվիրական պարտականությունն է շարունակել հայրերի արթուն սպասավորությունը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին և քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Տիրոջ զորակցությունը և Սուրբ Հոգու շնորհները ամենքին` առավել պայծառացնելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցին և նրա զավակներին համախումբ պահելու Եկեղեցու կամարների ներքո: Գարեգին Բ Վեհափառը պատգամեց ժողովրդի հոգում միշտ սերմանել հավատի հունդերը, որպեսզի դրանք առատ պտղաբերեն հայրենաշեն և եկեղեցանվեր գործերով:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Աստված Իր Աջը հովանի դարձնի հայրենի երկրին ու ժողովրդին և Իր օրհնությամբ ու առատ շնորհներով զորացնի եկեղեցականներին` փառքով կատարելու իրենց ծառայությունը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի շինության համար: