Կարեն Կարապետյանը Դոմինիկ դը Բյումանի հետ քննարկել է հայ-շվեյցարական տնտեսական համագործակցության ուղիները


Կարեն Կարապետյանը Դոմինիկ դը Բյումանի հետ քննարկել է հայ-շվեյցարական տնտեսական համագործակցության ուղիները

  • 06-02-2018 18:29:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը: 
 
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։ «Ինչպես արդեն առիթ ունեցա ասել Դավոսում, առանձնահատուկ կարևորում եմ քայլերի իրականացումը  Շվեյցարիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Եվ այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Ձեր այցի շրջանակներում երեկ կազմակերպված գործարար համաժողովի կարևորությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Դոմինիկ դը Բյումանն ընդգծել է, որ Երևանում անցկացված համաժողովն արդյունավետ է եղել, քննարկել  են հայ-շվեյցարական տնտեսական փոխգործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ գինեգործության ոլորտում համագործակցության զարգացումը և տեղեկացրել, որ շվեյցարական գինեգործական մեծ ավանդույթներ ունեցող խոշոր ընկերություններից մեկն արդեն իսկ փոխգործակցություն է հաստատել հայաստանյան գործընկերների հետ: «Վստահ եմ, որ կարող ենք գյուղատնտեսության բնագավառում հաստատել լավ կապեր, իրականացնել փորձի փոխանակում, տարբեր բիզնես ծրագրեր, քանի որ Հայաստանում առկա է վստահելի արտադրություն և անհրաժեշտ պայմաններ»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը: Վերջինս կարևորել է նաև համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ում արտադրվող արևային վահանակների արտահանման ուղղությամբ, ինչպես նաև՝ դեղագործության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ:    
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն