Ալիեւը մի ձեռքով սեղմել է համանախագահների ձեռքը, մյուսով՝ դիպուկահար հրացանը


Ալիեւը մի ձեռքով սեղմել է համանախագահների ձեռքը, մյուսով՝ դիպուկահար հրացանը

  • 08-02-2018 17:45:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ փետրվարի 7-ին, ժամը 13.50-ի սահմանում հակառակորդի կրակոցից զոհվել է հայկական զինուժի զինծառայող:
 
Փետրվարի 7-ին Ադրբեջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնք գրեթե նույն ժամանակահատվածում հանդիպում էին Իլհամ Ալիեւի հետ:
Կարգավորման գործընթացի շրջանակում այս կամ այն ձեւաչափի հանդիպումների ընթացքում, դրանցից առաջ կամ հետո սահմանին զոհը կարծես թե դարձել է տխուր ու ողբերգական օրինաչափություն: Միեւնույն ժամանակ, դժվար է միարժեք ասել, որ Ադրբեջանի իրականացրած սահմանային սպանությունը մշտապես կապ է ունենում հանդիպումների հետ կամ պայմանավորված է լինում դրանով:
Մի կողմից անկասկած է, որ այդ միջոցը՝ շանտաժը, Բաքվի համար դիվանագիտական գործիք է վաղուց: Մյուս կողմից, սպանության քաղաքականությունն էլ Բաքվի համար դիվանագիտություն է ընդհանրապես եւ, ըստ այդմ, Ադրբեջանը թերեւս այդ դիվանագիտությանը դիմելու է ամեն մի հնարավորության, ամեն մի այսպես սասած «անցքի» դեպքում, անկախ կարգավորման գործընթացի հանդիպումային գրաֆիկից:
Թե հատկապես ինչի հետ գործ ունենք հերթական սպանության դեպքում, ասել հնարավոր չէ, սակայն փաստ է, որ Ալիեւը մի ձեռքով սեղմել է համանախագահների ձեռքը, մյուսով՝ դիպուկահար հրացանը: Մեծ հաշվով, Ալիեւը կրակել է համանախագահների վրա, թեեւ այդ առումով իհարկե նրանց արձագանքը թերեւս բաժանվում է կամ կարող է բաժանվել երկու մասի՝ զուտ մարդկայնորեն նրանք չեն կարող անտարբեր լինել մարդկային կյանքերի հանդեպ, սակայն զուտ քաղաքական-դիվանագիտական իմաստով նրանց համար խնդիրը սահմանային մեծ լարվածություն թույլ չտալն ու դա կառավարելն է: Իսկ դիպուկահարներին վերահսկելը նրանք գոնե այս փուլում կարծես թե չեն համարում սկզբունքային խնդիր եւ կարծում են, որ ջանքերը պետք է կենտրոնացնել ավելի մեծ լարվածություն թույլ չտալու վրա, իսկ ահա արդեն ամեն մի զինվորի կյանքի եւ անվանգության ապահովման խնդիրը դա կողմերի խնդիրն է:
Դիպուկահարի կրակոցից զոհերի դեպքում մշտապես առաջանում է այդ հարցը՝ ողբերգությունը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտմա՞ն հետեւանքով, թե՞ այդուհանդերձ հայկական առաջնագծում դեռեւս հնարավոր չի եղել զինվորներին լիարժեք պաշտպանել դիպուկահարներից: Եվ նաեւ կա հարցը՝ իսկ հնարավո՞ր է խրամատային պատերազմի եւ բարդ ռելիեֆի պայմաններում ապահովել 100 տոկոս պաշտպանվածություն:
Այդ հարցերն անշուշտ ենթակա չեն լիարժեք հրապարակային քննարկման, քանի որ պարունակում են ռազմական գաղտնիության բազմաթիվ տարրեր եւ նաեւ պայմանավորված են հենց զինվորների անվտանգությամբ:
Աներկբա է, որ այստեղ բացի ռազմա-տեխնիկական լուծումներից, անհրաժեշտ է հասնել դիվանագիտական լուծումների այնպիսի ռեժիմի, որ Ադրբեջանն այլեւս խնդիրներ ունենա ոչ միայն լոկալ կամ ավելի լայն մասշտաբի սադրանքների կամ լարումների, այլ նաեւ դիպուկահար ամեն մի մահացու կրակոցի, ամեն մի սպանության դեպքում:
Ակնհայտ է նաեւ, որ տեսականում «տարածք խաղաղության կամ կարգավիճակի դիմաց» տարբերակները, այսպես ասած փոխզիջումային կարգավորման տարբերակները գործնականում ոչ միայն բացարձակապես անկենսունակ են, այլ դրանց շրջանառումը խոշոր հաշվով Ադրբեջանի ռազմական կամ սպանության դիվանագիտության սնուցում է, ոչ թե հակառակը:
Այսինքն, պատկերն իրականում լրիվ հակառակն է, եւ դա ոչ թե կապ ունի խաղաղասիրության հետ, այլ հակառակը՝ խաղաղությունը, թեկուզ հարաբերական խաղաղությունը պահանջում է հրաժարվել Ադրբեջանի մարդասպանության դիվանագիտությունը սնուցող կոնցեպցիայից, գործընթացը դուրս բերել այդ հունից, փոխել հունը:
Այդ միջոցով հայկական կողմը կարող է բերել իրավիճակը մի տրամաբանության, երբ Ադրբեջանը կարող է խնդիր ունենալ արդեն յուրաքանչյուր սպանություն իրականացնելու դեպքում:
Միեւնույն ժամանակ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ Հայաստանի իշխանության համար բավականին բարդացնում են այդ փոփոխությունը խթանելու, Արցախի հարցում պետական քաղաքականությունը ոչ միայն դե ֆակտո, այլ նաեւ հռետորաբանության մակարդակում լիովին նոր կոնցեպտուալ հենքի վրա դնելու ռազմավարության անցումը:
Այդ իմաստով, իշխանության անցման ներկայիս շրջանը հնարավորության առումով բավական պատեհ է, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվում է դե յուրե իշխանությունը պահելու մտքից, եթե ունի այդպիսին: Սակայն դա ամենեւին մեխանիկորեն չի բերում խնդրի լուծման ու կոնցեպտուալ փոփոխության: Դրա համար անհրաժեշտ է ավելի լայն քաղաքական խթան, օրակարգային խթան: Այդ իմաստով պատասխանատվությունը թերեւս ամբողջ քաղաքական դաշտինն է, այդ թվում բոլոր այն դերակատարներինը, որոնք 2018-ի ապրիլի մասով ունեն որեւէ հավակնություն:
Առայժմ սակայն որեւէ մեկը չի ցուցաբերում պատասխանատվություն Արցախի հարցում՝ պատասխանատվություն սեփական կալիբրի եւ կարգավիճակի մասով, սակայն հստակ, կոնցեպտուալ պատասխանատվություն:
Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը փետրվարի 7-ին Ալիեւ-համանախագահներ հանդպումից հետո հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «ինտենսիվ բանակցությունը» շարունակել Ադրբեջանի եւ Հայաստանի «նախագահական ընտրություններից» հետո, ինչը գործնականում նշանակում է ապրիլյան փուլից հետո:
Հայաստանի քաղաքական եւ իշխանական դերակատար ուժերից ո՞վ ինչ ասելիք ունի այդ կապակցությամբ, որը կարող է իր մեջ պարունակել կոնցեպտուալ նոր մեսիջ թե հանրությանը, թե միջնորդ ուժային կենտրոններին: Թե՞ որեւէ մեկը չի տեսնում այդ տարբերակով իրավիճակի փոփոխության անհրաժեշտություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play