Apple Watch-ն ախտորոշում է շաքարային դիաբետը 85 տոկոս ճշգրտությամբ. Cult of Mac․ tert.am
08-02-2018 18:54:50 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Apple կորպորացիայի մշակած Apple Watch «խելացի» ժամացույցը նեյրոցանցերի միջոցով «սովորել» է բավական ճշգրիտ կերպով ախտորոշել վաղ փուլերում շաքարային դիաբետը՝ հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Cult of Mac-ը:
Համաձայն Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտության՝ «խելացի» ժամացույցը մինչև 85 տոկոս ճշգրտությամբ գիտափորձի մասնակիցների մոտ ախտորոշել է շաքարային դիաբետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են Apple Watch-ի 14 հազար օգտատերերի արդյունքներն ու նկատել, որ սարքն ախտորոշել է հիվանդությունը 462 մարդու մոտ: Գիտնականները վերստուգել են տվյալները և պարզել, որ ժամացույցը բավական ճշգրիտ է ախտորոշել:
Նշվում է, որ «խելացի» սարքը կարող է ախտորոշել շաքարային դիաբետը կարդիոսենսորի ու նեյրոցանցերի միջոցով, որոնք վերլուծում են զարկերակային անոթազարկի չափման արդյունքները:
Բժիշկների կարծիքով՝ հիվանդության դեմ կարելի է պայքարել՝ այն վաղ փուլերում ախտորոշելու դեպքում: Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ի ավելի քան հարյուր միլիոն բնակիչ տառապում է շաքարային դիաբետի տարբեր տիպերից: