Ձուն, հավի միսը էժանացել են, կարագի գինը էլի բարձրացավ․armtimes.com


Ձուն, հավի միսը էժանացել են, կարագի գինը էլի բարձրացավ․armtimes.com

  • 10-02-2018 14:10:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Առաջին սպառման ապրանքների գները Հայաստանում շարունակվում են տատանվել: «Հայկական ժամանակ»-ը հերթական դիտարկումն է իրականցրել Երեւանի փոքր կենտրոնի սուպերմարկետներում, որի արդյունքները ներկայացնում ենք ստորեւ:
 
Առաջին ծավալուն դիտարկումն իրականցրել էինք 2017 թվականի նոյմեբերի 7-ին: Մինչ այդ, կարագի եւ մսի թանկացումն արձանագրել էինք հոկտեմբեր ամսին:  Այսօր իրականացված դիտարկումը համեմատելու ենք  նոյեմբեր եւ հոկտեմբեր ամիսների գների հետ, որպեսզի ստանանք վերջին երեք ամիսների գների տատանման պատկերը:
 
Ամենաարագ թանկացած ապրանքը կարագն է: Հոկտեմբեր ամսին 1 կիլոգրամ «Նոր զելանդական» տեսակի կարագն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագի գինը կազմում էր 3980 դրամ: Այսօր արդեն հետեւյալ պատկերն ենք արձանագրել՝ «Նոր զելանդական» կարագն արժե 4400 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագը 4700 դրամ: Հոկտեմբերի համեմատ կարագը թանկացել է համապատասխանաբար 420 եւ 720 դրամով: Նոյեմբերին արձանագրված գների համեմատ «Նոր Զելանդական» կարագը էժանացել է 90 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը թանկացել է 250 դրամով: Գնային այս տատանման համար որեւէ հիմնավորում չկա, քանի որ կարագի այս տեսակներըիրարից չնչին տարբերությամբ են վաճառվել, իսկ այսօր «Անքոր» տեսակի կարագը անհամեմատ ավելի թանկ է: «Անքոր» տեսակի կարագը որոշ խանութներում հանդիպում է նաեւ 1կգ-ն 4990 դրամով, որն առավելագույն գինն է կարագի այս տեսակի համար:
 
Եթե կարագի գինը չի նվազում, ապա հավի մսի դեպքում հակառակ գործընթացն է: Ամբողջական հավի մեկ կիլոգրամ միսն այսօր արժեր 1200-ից 1300 դրամ (կախված արտադրող ընկերությունից): Մինչդեռ հոկտեմբեր ամսին կատարած մեր դիտարկման ժամանակ արձանագրել էինք, որ հավի մսի գինը սկսվում է 1560 դրամից: Այսինքն հավի միսն էժանացել է մինչեւ 360 դրամ:
 
Տավարի փափուկ միսը հասել է իր ռեկորդային ցուցանիշին: 1 կիլիոգրամ փափուկ միսն այսօր վաճառվում էր 4100 դրամի սամաններում: Նույեմբերին մենք արձանագրել էինք, որ տավարի փափուկ միսն արժեր 3650 դրամ: Երեք ամսում մսի այս տեսակի գինը թանկացել է շուրջ 450 դրամով: Խոզի չալաղաջն այսօր արժեր 3750 դրամ, որը նոյեմբերին արձանագրված գնից թանկացել է ընդամենը 10 դրամով: Կարելի է ասել, որ նախորդ տարվա թանկացումից հետո խոզի մսի այդ տեսակի գինը գրեթե անփոփոխ է մնացել:
 
Թրչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն այսօր վաճառվում էր 1700-ից 2000 դրամի միջակայքում(30 հատը): Մեկ հատի գինը տատանվում էր 56-ից 66 դրամի սահմանում: Նոյեմբերին կատարած մեր դիտարկման համեմատ ձուն էժանացել է շուրջ 10 դրամով: Ձվի գնի դեպքում 10 դրամը շոշափելի նվազում է, քանի որ մարդիկ մեկ գնման ժամանակ ձուն առնվազն մի քանի հատ են գնում: Տնական ձվի մեկ հատի  գինը տատանվում է 80-ից 90 դրամի սահմաններում:
 
Բանաջարեղենի գնի էական փափոխություն չկա: Միայն կանաչ սոխի մեկ կապն է թանկացել է 50 դրամով՝ 130 դրամից դարձել է 180 դրամ, իսկ համեմն էլ 90 դրամից դարձել է 100 դրամ: Հայկական լոլիկը 700 դրամից դարձել է 1090 դրամ, իսկ չերի տեսակի լոլիկի գինը դարձել է 2050 դրամ: Այն թանկացել է շուրջ 400 դրամով: Վարունգի գինը, եթե նոյեմբեր ամիսին սկսվում էր 370 դրամից, ապա  այսօր արդեն սկսվում է 800 դրամից: Թանկացումը այս դեպքում կազմում է 430 դրամ: Կարտոֆիլի գինը կայուն 250 դրամ է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը