Չեղարկվել են Ծաղկաձորի հյուրանոցների ամրագրումները. «Հայկական ժամանակ»


Չեղարկվել են Ծաղկաձորի հյուրանոցների ամրագրումները. «Հայկական ժամանակ»

  • 11-02-2018 16:12:15   | Կոտայքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com.Հայաստանում ձյան նվազ տեղումների պատճառով էական վնաս են կրում զբոսաշրջային գոտի համարվող Ծաղկաձորի հյուրանոցներն ու հյուրատները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, բազմաթիվ հյուրանոցներում նախապես իրականացված ամրագրումները չեղարկվել են: Դա բերել է ֆինասական հոսքերի նվազման, քանի որ Ծաղկաձորն առանց ձյան գրավիչ չի եղել զբոսաշրջիկների համար:
 
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանից հետարքրվեցինք՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, թե՞ ոչ: «Լեռնադահուկային սպորտով հետաքրքրվողների համար խոչընդոտ չկա: Սարում ձյուն կա եւ հյուրանոցներում այդ պատճառով չեղարկում չկա: Եթե գնացել են այնտեղ դահուկ քշելու, դահուկ քշում են»,- պատասխանեց Մեխակ Ապրեսյանը:
 
Հյուրանոցներից, սակայն, իրավիճակն այլ կերպ է ներկայացվում: Այս տարի նախորդ տարվա համեմատ հյուրերը քիչ են: Ամենախոշոր հյուրանոցներում առցանց հարթակների միջոցով օտարերկրացի զբոսաշրջիները համարներ են ամրագրել ու հետո չեղարկել են: Ծաղկաձորում ձյուն չլինելու մասին տեղեկությունը կայծակնային արագությամբ տարածվում է նույն հարթակներում: Զբոսաշրջիկները զանգահարում են հյուրանոցներ, հետաքրքրվում՝ ձյուն կա՞, թե՝ չէ: Ստանալով բացասական պատասխան՝ նրանք չեղարկել են իրենց նախկին պատվերները:
 
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի մարկետինգի բաժնից հաստատեցին այն տեղեկատվությունը, որ իսկապես եղել են նման դեպքեր: «Եղել են նման դեպքեր, մանավանդ ամանորի տոներից հետո: Կապված է եղել ձյան հետ, թվերի լեզվով չխոսենք, բայց եթե համեմատենք նախորդ տարվա զբաղվածության հետ, ապա այս տարի համարների զբաղված լինելու թիվը քիչ է: Դեկտեմբեր ամսից մարդիկ ծրագրավորում են իրենց հանգիստը: Բավականին մեծ արձագանք կար, որ ձյան տեղումները քիչ են եւ դա բերել է նման իրավիճակի»,- փոխանցեցին հյուրանոցային համալիրից:
 
«Ծաղկաձորի մարիոթ» հյուրանոցից, չնայած նրան, որ պնդեցին, թե իրենց մոտ նման խնդիր չի եղել, բայց այս խնդիրը համատարած է գրանցվել եւ չկա գրեթե մի հյուրանոց, որ չի բախվել այս խնդրին:
 
Հյուրանոցային համալիրներում հույս ունեն, որ փետրվար ամսին գոնե ձյան տեղումները առատ կլինեն եւ զբոսաշրջիկներին կրկին կփորձեն գրավիչ դառնալ: Այդուհանդերձ, Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներում գների տատանում չի գրանցվում: Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար հյուրանոցները չեն էլ փորձում նվազեցնել մատուցվող ծառայությունների գները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը