Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում


Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում

  • 12-02-2018 16:58:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրվարի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերլուծության և վերահսկման դեպարտամենտի (DASE) ղեկավար Բենեդիկտ Գիլպարտի ղեկավարած պատվիրակությանը: 
 
Այցի ընթացքում քննարվեցին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության և Շրջակա միջավայրի վերլուծության և վերահսկման դեպարտամենտի (DASE) միջև երկկողմ համագործակցության արդյունքները, հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունները, 2018թ.-ին նախատեսվող միջոցառումները: 
 
Հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմոլոգիական ոլորտում մեկնարկել է 2007թ.-ից, իսկ 2011թ.-ին Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը շարունակվելու է մինչև 2021թ.-ը: Համատեղ աշխատանքների արդյունքում ընդլայնվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ցանցը, միայն անցյալ տարվա ընթացքում  նվիրաբերվել է 6 սեյսմոմետր և 6 աքսերելոմետր, սարքերի միջոցով իրականցվում է երկրաշարժերի գրանցում և ֆիքսվում են գրունտային շարժերը: Ձեռքբերված տեղեկատվությունը համալրում է Երկրաշարժերի ազգային շտեմարանը, որի հիման վրա իրականցվում է սեյսմիկ ռեժիմի վերլուծություն: 
 
Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ԱԻ նախարարն առաջարկեց ընդլայնել այն սեյսմոլոգիայում վաղ ազդարարման և ռիսկի նվազեցման ուղղությամբ՝ շեշտելով սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման ոլորտում համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականցման կարևորությունը հատկապես՝ աղետների ռիսկի նվազեցման գործընթացում: 
 
Գոհունակություն հայտնելով համագործակցության արդյունքում սեյսմիկ բնագավառում Հայաստանի արձանագրած առաջընթացից՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու համագործակցության դաշտը: 
 
Կողմերը նաև պայմանավորվածություն ձեռքբերեցին շարունակելու մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացը: 
 
ԱԻ նախարարը ֆրանսիական կողմին հրավիրեց  մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են լինելու Սպիտակի երկրաշարժի 30-րդ  տարելիցին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն