Թուրքիայի ներքին գործերի նախարարն ավելի ազդեցիկ գտնվեց պոլսահայ համայնքի կրոնական հարցերում, քան Մայր Աթոռը և Կաթողիկոսը (տեսանյութ)


Թուրքիայի ներքին գործերի նախարարն ավելի ազդեցիկ գտնվեց պոլսահայ համայնքի կրոնական հարցերում, քան Մայր Աթոռը և Կաթողիկոսը (տեսանյութ)

  • 14-02-2018 17:15:41   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի՝ Ստամբուլից հեռանալու հարցում մեղավոր են բոլորը և հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 
 
Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, լրագրող Գոհար Արշակյանը: 
 
Ըստ նրա՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Ստամբուլից հեռացավ արժանապատիվ հայի և հոգևորականի կեցվածքով, մինչդեռ Մայր Աթոռի թույլ տված ամենաթողության պայմաններում Արամ Աթեշյանի նման ազգադավ անձը կարողացավ վերստին բռնազավթել պատրիարքի փոխանորդի աթոռը:
 
«Երկու տարի շարունակ մենք պայքարում ենք, քայլ առ քայլ ասում էինք, թե ինչպես պետք է վարվեն Աթեշյանի հետ, բայց Էջմիածնի ականջները խուլ են, փակ են: Իսկ այդ ինչով է Աթեշյանը դարձել Էջմիածնի սիրելին, հիմա մեկ ուրիշը լիներ հազար ու մի պատժի կենթարկվեր»,- նշեց Գ. Արշակյանը՝ շեշտելով, որ իրենց նախաձեռնությանն են միացել որոշ ՀԿ-ներ, որոնք ևս հիասթափված են Մայր Աթոռի՝  նրա բնորոշմամբ՝ ջայլամային քաղաքականությունից: 
 
Բանախոսի փոխանցմամբ՝ փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է հրավիրված, որի ընթացքում քննարկվելու է նաև Արամ Աթեշյանի հարցը, և «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության անդամները պատրաստվում են ստորագրահավաք իրականացնել ոչ միայն Աթեշյանի դեմ, այլև հնարավոր է իրենց անվստահությունը հայտնեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: 
 
Գ. Արշակյանի գնահատմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուն ավելի ազդեցիկ գտնվեց պոլսահայ համայնքի կրոնական հարցերին վերաբերող գործընթացներում, քան Մայր Աթոռը և Ամենայն Հայոց կաթողիկոսը: 
 
«Թուրքիան մեր հայ եկեղեցում դեսանտ է իջեցրել՝ ի դեմս Աթեշյանի։ Այդ մարդը թյուրիմացություն է, և ես բառեր չեմ գտնում ներկայացնելու նրան, այդ ապաշնորհ հոգևորականին, հայադավ մարդուն: Աթեշյանը դա մեր ամոթն է, խայտառակությունը»,- ընդգծեց նա: 
 
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության մեկ այլ անդամ, մանկավարժ Սոսե Ղլեջյանի խոսքերով՝ իրենց երկու տարվա պայքարից և Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի մահվանից հետո Աթեշյանը կարողացավ հաջողություն արձանագրել: 
 
«Աթեշյանին իրոք կան սատարողներ, սակայն դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց եկամուտները ստանում են հենց Աթեշյանից և նրա հետ գտնվում են սերտ բիզնես համագործակցության մեջ»,- նկատեց Ս. Ղլեջյանը՝ հավելելով, որ Աթեշյանը բազմիցս ոտնահարել է եկեղեցական օրենքները և գործել ի շահ թուրքական իշխանությունների: 
 
Նշենք, որ ասուլիսից առաջ Գոհար Արշակյանը հետևյալ՝ 1. Ի՞նչ կասեք Գարեգին Բեկչյանի հրաժեշտի նամակի առիթով: 2. Ինչո՞ւ Էջմիածինը տեր չի կանգնում Պոլսո Պատրիարքի տեղապահի արդար ընտրությունների արդյունքին, երբ  Ն.Ս.Օ.Տ.Տ. կաթողիկոս  Գարեգին Բ ճանաչել էր այն և շնորհավորել Գ. Բեկչյանին: 3. Մինչև ե՞րբ է սբ. Էջմիածինն ու Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդուրժելու Ա.Աթեշյանի հայադավ ու պիղծ գործելաոճը: 4. Արդյո՞ք Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուն չի գերազանցում իր իրավասությունները, անտեսելով Լոզանի հայտնի պայմանագիրը, որում ամրագրված է, որ Թուրքիայի կառավարությունը չպետք է միջամտեր ազգային փոքրամասնությունների կրոնական հարցերին... 5. Ո՞վ պետք է այս հարցը բարձրացնի, եթե հետամուտ չի լինում մեր եկեղեցին... հարցադիմումներով դիմել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին և ստացել հետևյալ պատասխանը ասուլիսից հետո. «Տիկին Գոհար, այս հարցերի շուրջ ավելի իրատեսական է զրուցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստից հետո, փետրվարի 20-ին, մինչ այդ որևէ մեկնաբանություն այդ կապակցությամբ չի արվելու»: 
 
Հավելենք նաև, որ ասուլիսից անմիջապես հետո «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության անդամները միացան «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի նախաձեռնած ստորագրահավաքին առաջիկա` փետրվարի 20-ին Մայր-Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունենալիք եկեղեցական խորհրդի ժողովում քննարկելու և ըստ արժանվույն Աթեշյանի վարքը և հայ հոգևորականին ոչ վայել գործունեությանը գնահատական տալու համար:
 
Ստորագրահավաքն արդեն մեկնարկել է, ցանկացողները կարող են ներկայանալ «Արեգ» գիտավերլուծական կենտրոն / հասցեն՝ Կորյունի 19 ա/ տեխնիկական գիտությունների թեկնածու Աշոտ Կարապետյանին։
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play