Պուտինը չեղյալ է արել բոլոր միջոցառումները. Սիրիայում ինչ-որ բան է տեղի ունենում


Պուտինը չեղյալ է արել բոլոր միջոցառումները. Սիրիայում ինչ-որ բան է տեղի ունենում

  • 14-02-2018 17:59:13   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կրեմլը չի խոստովանում Սիրիայում ամերիկյան ավիացիայի ու հրետանու հարվածներից բազմաթիվ ռուսների մահը, սակայն հարձակման մասին տեղեկությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել ծրագրված մի շարք միջոցառումներ, իսկ երեքշաբթի առավոտյան փակ խորհրդակցություն է անցկացրել ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ, հայտնում են BBC-ի աղբյուրները:
 
Նախընտրական պայքար տանող Պուտինի օրակարգի կտրուկ փոփոխությունները, ըստ ամենայնի, սկսվել են այն բանից հետո, երբ բլոգներում ու լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ փետրվարի 7-ին Սիրիայի Դեր Զոր շրջանում ամերիկյան ավիացիայի հարվածներից հարյուրավոր ռուսներ են զոհվել, որոնք աշխատում են այսպես կոչված Վագների մասնավոր ռազմական ընկերության համար:
Խոսքը տարբեր տվյալներով մի քանի հարյուր մարդու մասին է, ինչպես նաեւ մեծ թվով տեխնիկայի ոչնչացման: Տարվա սկզբին նույնպես Սիրիայում ռուսական բազաների վրա հարձակումներ են եղել:
Ենթադրություններ կան նաեւ, որ «իրանական ու սիրիական ՀՕՊ միջոցների վրա» հարձակումները, որոնք իսրայելցիներն իրականացրել են «իրանական դրոնի» պատճառով, նույնպես ուղղված են ռուսական ռազմատեխնիկայի ոչնչացմանը:
Ռուսաստանը ծայրահեղ բարդ վիճակում է հայտնվել Սիրիայում: Քաղաքական մեկուսացմանն ավելացել է նաեւ կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստը:
Ինչպես նկատում են ամերիկացի եւ ռուս փորձագետները, Մոսկվան ոչ մի կերպ չի կարող մեկնաբանել յուրայինների հետ Սիրիայում տեղի ունեցողը: Մոսկվան կամ պետք է խոստովանի, որ պաշտպանության նախարարությունը չի վերահսկում մասնավոր ռազմական կազմակերպություններին, եւ նրանք աշխատում են այլ երկրների համար ու զբաղվում նավթային օբյեկտներ գրավելով, կամ էլ ինքն է «դեմ տվել» իր «կանաչ մարդուկներին»:
Այս ամենը շատ բարդ է Պուտինի համար առավել եւս նախընտրական շրջանում: Մեկ ամսից ընտրություններ են, եւ Պուտինը պետք է որոշի, թե որ գաղափարի վրա է կառուցելու նախընտրական արշավը՝ շարունակել «կայսրության հավաքումը», թե հայտարարել, որ Ռուսաստանն առանց այդ էլ հզոր է եւ նոր նվաճումներ պետք չեն: Սա սկզբունքային հարց է:
Ներկայում կարծես թե լուծվում է ոչ միայն Սիրիայում ռուսական ներկայության, այլ նաեւ ռուսական ռազմավարության հարցը. Մոսկվան նորից կճանաչի՞ Ամերիկան որպես «միակ գերտերություն, թե կհայտարարի, ինչպես Լավրովն է ասել, որ եկել է «Արեւմուտքի տիրապետության» ավարտը:
Ի դեպ, Պուտինը հրապարակային միջոցառումները չեղյալ է արել Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո: Պաշտոնապես Թրամփը զանգել է, որ ցավակցի Մերձմոսկվայում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի աղետի կապակցությամբ: Աղետի պատճառը հայտնի չէ, իսկ վարկածներից մեկն էլ ահաբեկչությունն է: Թրամփն առաջարկել է օգնել աղետի պատճառների հետաքննության գործում: Հնարավոր է, նա ինչ-որ բան գիտի աղետի մասին:
Ռուսաստանը սիրիական ճգնաժամի ժամանակ հասցրել է «գցել» իր դաշնակիցներից շատերին՝ քրդերին, Ասադին, անգամ իր սեփական մասնավոր ընկերություններին: Ռուսաստանը միայն Թուրքիային չի դավաճանում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play