Անահիտ Բախշյան․Կարևոր կետ, որն ավագանու նիստում կատարված միջադեպի պատճառով անտեսվեց


Անահիտ Բախշյան․Կարևոր կետ, որն ավագանու նիստում կատարված միջադեպի պատճառով անտեսվեց

  • 14-02-2018 19:03:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ ավագանու նիստում կատարված դեպքը լրատվության ուշադրությունից դուրս թողեց օրակարգի «Երևան համայնքի սեփականության 2017թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» շատ կարևոր կետի քննարկումը:
 
Ինչո՞ւ էր այն կարևոր, որովհետև թե՛ հողի, թե՛ գույքի աճուրդների մասին հայտարարություններում աճուրդի ներկայացված գույքը պետք է համարվի Երևան քաղաքի սեփականություն ու գույքագրված լինի վերոնշյալ փաստաթղթում: Սույն հարցի մասին իմ ելույթն այն մասին էր, որ աճուրդի դրվող գույքի ցուցակում շատ հաճախ հանդիպում ենք Երևանի սեփականություն չհանդիսացող գույքի:
 
Մասնավորապես, Երևանի կայքում դրված ս.թ. փետրվարի 8-ի գույքի աճուրդի հայտարարության մեջ 55 անվանմամբ գույք է դրված, որոնցից 37-ը առկա է Երևանի սեփականություն հանդիսացող գույքի փաստաթղթերում, իսկ 18-ը՝ ոչ:
 
Նույն պատկերն է հողի աճուրդի ժամանակ: Ո՞րտեղից այդ 18 անուն գույքը, որը չլինելով Երևանի սեփականություն, դրվում է աճուրդի: Փաստորեն քաղաքապետարանն ունի 2 ցուցակ, մեկը Երևանի ավագանու կողմից հաստատված, մյուսը՝ իրենց գրպանի համար: Ո՞վ գիտե, թե որքան տարածք, բնակարան ունեն ոչ պաշտոնական ցուցակներում ու «լավություն» են անում որոշակի ծառայություների դիմաց: Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիայի մասին փաստ:
 
Ի դեպ, դրանցից մեկն էլ նշված է Դավթաշեն 3-րդ թաղամաս 23/1 վարչական շենք, 229.93 ք.մ., որը գույքի ցուցակում գրավում է 429-րդ համարը: Այսպիսի անօրեն գործունեության արդյունքում էլ հաճախ շինթույլտվություն է տրվում ոչ համայնքային, այլ՝ հանրային սեփականություն հանդիսացող գազոնի, օրինակ՝ Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան փողոցի գազոն, շենքերի կանաչ տարածքների /Թոթովենց 3/, պուրակների վրա ծլող շինություններին, որոնք հաճախ իրականացվում են տարածքի ծառերի հաշվին: Կարծում եմ չեք կասկածում, թե քանի օրինակ ևս կարող եմ բերել: Իհարկե պարոն Ամյանը չհամաձայնվեց իմ բերած փաստի հետ ասելով , որ ցուցակը լավ չեմ նայել:
 
Հնարավոր է, ստուգելու համար թե՛ ինձ, թե՛ 08.02.2018թ. հայտարարությամբ աճուրդի ներկայացված ցուցակը, ես այսօր դիմեցի քաղաքապետին տեղեկանք տրամադրելու խնդրանքով այն մասին, թե վերոնշյալ հայտատարության 55 գույքը Երևանի սեփականության գույքի ցուցակի ո՞ր համարների տակ են գրված, ինչպես նաև առաջարկեցի աճուրդի հայտարարությունների մեջ հասցեների կողքին անպայման գրել վերոնշյալ ցուցակում գույքի համարը:
 
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն