Նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին


Նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 15-02-2018 12:15:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
 
Կողմերը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: 
 
Մասնավորապես, նախարարն անդրադարձել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Նա նշել է, որ ուրախ կլինի ֆրանսիական ճանապարհաշինական ընկերություններին ևս ներգրավված տեսնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով նախատեսվող այդ ճանապարհաշինական ծրագրի մրցութային գործընթացներում:
 
Վահան Մարտիրոսյանը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը ևս ակնկալում է միասնական տրանսպորտային օպերատորի ընտրության մրցույթում:
 
Նախարարն անդրադարձել է հեռահաղորդակցության և կիբերանվտանգության ոլորտներում և Հայաստանում տարածաշրջանային «Data center»-ի կառուցման ծրագրի շուրջ համագործակցության հնարավորություններին:
 
Դեսպանն էլ իր հերթին ընդգծել է, որ հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման բարձր մակարդակը չի վրիպել ոչ միայն իրենց, այլև ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների աչքից:
 
Նախարարը նշել է, որ չնայած բարձր է գնահատում ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը հայ մասնագետների հետ, սակայն ուրախ կլինի տեսնել ֆրանսիական ՏՏ ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաները Հայաստանում:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի մանրամասները:
 
Վահան Մարտիրոսյանը նշել է, որ, մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կապի ապահովման միջոցներ և հեռարձակման բարձր որակ ապահովելու համար:
 
Նախարարը նաև հայտնել է, որ կաբելային հեռուստատեսային ծառայություններ մատուցող օպերատորներն արդեն իսկ իրենց ծրագրերում ներառել են ֆրանկոֆոն «Թիվի 5» հեռուստաալիքի հեռարձակումը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն