Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի առնվազն 35-40 նոր դեպք.ՀՀ ԱՆ


Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի առնվազն 35-40 նոր դեպք.ՀՀ ԱՆ

  • 15-02-2018 13:25:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:
 
Ընդհանուր առմամբ, մանկական քաղցկեղի ահագնացող ցուցանիշները վկայում են այն մասին, որ մոտ ապագայում այս հիվանդությունը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը:
 
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է. «Կանխարգելիչ բուժում և փոխակերպում խնամքի»: Ուղերձը ընդգծում է անհավասարությունները և բուժման անհասանելիությունը փոքր ու միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասում, որտեղ երեխաների 80%-ին հասանելի չի բուժումը: Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արևելյան ու Հարավային Եվրոպայի երկրների մեծ մասում երեխաներին ու դեռահասներին հասանելի չի քաղցկեղի բուժումը, ներառյալ հիմնական դեղամիջոցներն ու մասնագիտացված խնամքը:
 
Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (IACR) տվյալների համաձայն` 2015 թվականին աշխարհում արձանագրվել է առաջնակի հայտնաբերված չարորակ նորագոյացությունների 300 000 դեպք:
 
Համալիր բուժման ժամանակակից մեթոդների շնորհիվ տնտեսապես զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների ապրելիությունը կազմում է 84%: Մանկական ուռուցքաբանների և միջազգային կազմակերպությունների խնդիրն է` բուժման նորագույն մեթոդները հասանելի դարձնել բոլոր երեխաների համար:
 
Մանկական քաղցկեղի միջազգային կազմակերպության կազմում ընդգրկված է 188 անդամ կազմակեպություն աշխարհի 96 երկրից, այդ թվում Հայաստանից: Կազմակերպության 2018 թվականի կարգախոսն է. «Հասնել կարիք ունեցող բոլոր երեխաներին»:
 
Մանկական քաղցկեղի շրջանում սուր լեյկոզն առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդություն է` կազմելով մանկական բոլոր քաղցկեղների 40%: Մանկական արյան չարորակ հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և հետագա հսկողությունը 90% իրականացվում է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», որտեղ տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 նոր դեպք:
 
Նշենք, որ արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության գնահատման համար արյունաբանական կենտրոնում ներդրվել են ժամանակակից մեթոդներ, իսկ բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով, որի շնորհիվ սուր լիմֆոբլաստային լեյկոզով տառապող երեխաների մոտ 5 տարի առանց ռեցիդիվի ցուցանիշը կազմում է 80%:
 
Հիվանդների դեղապահովումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնված, հումանիտար օգնությամբ ստացված և Արյունաբանական կենտրոնի միջոցներով:
 
Երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, ձեռք են բերվում թանկարժեք դեղեր, արտերկրում բուժման անհրաժեշտության դեպքում օժանդակում է հեմատոլոգիական և օնկոլոգիական կլինիկաներում նրանց բուժման կազմակերպմանը:
 
Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդի բացակայության պատճառով նախկինում հիվանդ երեխաներից ոմանք մեկնել են արտերկիր բուժման այս տեսակը ստանալու նպատակով: Այսօր մեր հիվանդներն այլևս ստիպված չեն լինի իրենց փրկությունը որոնել արտերկրում, քանզի Արյունաբանական կենտրոնում հիմնվել է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք` համալրված լավագույն սարքավորումներով և վերապատրաստում անցած մասնագետներով: Արդեն իրականացվել է ոսկրածուծի 4 աուտոփոխպատվաստում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն