«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 15-ին, համահայկական մեծ ընդվզման քարոզարշավը սկսեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից:
Կուսակցության նախագահը հայտնեց, թե եկել են Գավառ՝ տեղեկացնելու համահայկական մեծ ընդվզման և գործողությունների մասին, որի նպատակն է անցնցում տապալել ապօրինի իշխանությունը, իրագործել հայկական հեղափոխությունը և հիմնադրել նոր, ազատ Հայաստանի Հանրապետություն:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ յուրաքանչյուրիցս է կախված՝ արդյոք կարո՞ղ ենք փոխել իրավիճակը մեր Հայրենիքում, թե՞ ոչ, որ յուրաքանչյուրն իր տեղում մեծ ուժ է, և կոչ արեց հավատալ սեփական ուժերին, ապա հավելեց, թե միայն խոսքերով չենք կարող սիրել Հայրենիքը, պետք է գործո՛վ սիրել մեր Հայրենիքը:
Կուսակցության նախագահը, ցույց տալով խորհրդանշական «Դժոխքի երաժշտություն Հայաստանում» պաստառը՝ գավառցիներին մեկնաբանեց, որ գահին նստած սատանան, սատանայի բանաձևը ստրկացրել և բթացրել է մարդկանց: Զարուհի Փոստանջյանը նշեց, թե քաղաքացիներին բաժանվող քարոզչական նյութերից հեղափոխության լույսերն ուղարկել են մեր հայրենակիցները սփյուռքից, որպեսզի ընդվզման օրերին վառենք այդ լույսերը և ազատվենք այս խավարից, որը շուրջ քառորդ դար տիրում է մեր երկրում:
Զարուհի Փոստանջյանը նաև հիշեցրեց, որ մեզանից է կախված՝ մեր հայրենակիցները կվերադառնա՞ն, թե՞ կմնան գաղթականի կարգավիճակում՝ օտար երկրներում, և կոչ արեց պատրաստվել համահայկական մեծ ընդվզման, որովհետև առանց ընդվզման, առանց մեր հայկական հեղափոխության հնարավոր չէ փոխել իրավիճակը:
Քարոզարշավը շարունակվում է՝ դեպի Մարտունի:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն