Գնալով աճում է տագնապը, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում ու Սիրիայի շուրջ, Երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է


Գնալով աճում է տագնապը, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում ու Սիրիայի շուրջ, Երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է

  • 15-02-2018 23:24:42   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Շատ մարդիկ, ովքեր հետևում են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ընթացքին, գնալով տագնապում են` մի՞ թե այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում ու Սիրիայի շուրջ, Երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է: Պատերազմ, որը գուցե արդեն սկսվել է աշխարհի հզորների միջև, բայց շատ քչերն են այն գիտակցում, քանի որ դեռ չի վերածվել բացահայտ ու մեծամասշտաբ առճակատման, առավել ևս` միջուկային պատերազմի:
Հարցերը շատ են` արդյոք ընդհանրապես հնարավո՞ր է պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, պարտադի՞ր է, որ այն միջուկային բնույթ ունենա, թե կարող է նաև սովորական, բայց դարձյալ ավերիչ մեծ ուժ ունեցող զենքերի գործադրմամբ ծավալվել… Պարտադի՞ր է, որ այդ պատերազմն ընթանա ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարածքներում, թե կարող է լինել այլ պետության կամ պետությունների տարածքներում` թեկուզ նույնիսկ զանգվածային բնաջնջման զենքի կամ զենքերի կիրառմամբ: Եթե միջուկային պատերազմ ծագի գերտերությունների միջև, կարո՞ղ է այն հանգեցնել կամ կարճ ժամանակում հանգեցնել ամբողջ մարդկության ոչնչացման, թե ոչ: Ճի՞շտ է, արդյոք, Հովհաննեսի Հայտնությունում գրվածից, իբրև մեկնաբանություն, բխեցվող այն կարծիքը, որ Երրորդ համաշխարհային պատերազմը սկիզբ է առնելու այն երկրից կամ պետություններից, որոնք գտնվում են Եփրատ մեծ գետի մոտ… Հարցեր, հարցեր… Իսկ ինչի՞ մասին են վկայում փաստերը:
Ինչպես Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քանիցս ընդգծել են, որ որևէ պարագայում անթույլատրելի է Սիրիայի մասնատումը և այդ պետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչը Ռուսաստանը չի հանդուրժի: Ի լուր աշխարհի հայտարարել են, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը Ռուսաստանի համար եղել ու մնում է Սիրիական ճգնաժամի կարգավորման գլխավոր սկզբունք: Բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ… Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ Սիրիայում 2011 թվականից սկսված արյունահեղության ետևում կանգնած են ԱՄՆ-ը, այդ պետության նախագահի և այլ ղեկավարների տիկնիկավարները, Իսրայելը` նպատակ ունենալով մասնատել Սիրիան և այն աշխարհի քարտեզից վերացնել որպես պետություն` ինչպիսին այն գիտենք:
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը գիտակցել են, որ Սիրիայում իրենց պլանները Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլա»-ի ջանքերի արդյունքում ձախողվել են, անցել են ավելի կոշտ ու բացահայտ միջոցների կիրառման: Նրանք մի կողմից զինել, աջակցել, հովանավորել ու պաշտպանել են Սիրիան մասնատելու և իրենց պետությունը հիմնելու նպատակ ունեցող Սիրիայի քրդերին, այնտեղ իրենց չարագործությունները շարունակող, Ասադի վարչակարգը տապալել ձգտող ահաբեկչական կազմակերպություններին ու Սիրիայի հակակառավարական ուժերին, մյուս կողմից գործի դնելով իրենց ավիացիան, Սիրիայում սիրիական թիրախներից զատ, վերջերս հարվածել են նաև իրանական թիրախներին և ռուս զինծառայողներին:
Նկատի ունենալով, որ իրավիճակն արդեն մոտենում է կրիտիկական կետի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2018թ. փետրվարի 13-ին արդեն ստիպված է եղել ի լուր աշխարհի հայտարարել, որ «ԱՄՆ-ը վտանգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը» և շեշտել, որ «ԱՄՆ-ը Սիրիայում գործում է միակողմանի, վտանգավոր եղանակով և վտանգում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը»:
«Ռաշա թուդեյ» կայքի տեղեկացմամբ, փետրվարի 13-ին Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռինդերզի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովն ասել է. «Ամերիկացիները փորձում են միակողմանի ու վտանգավոր քայլեր կատարել և այդպիսով ձգտում են Եփրատ գետի արևելյան ափամերձ շրջանում Սիրիայի տարածքների մեծ բաժինը մասնատել ու կեղծ երկիր ստեղծել»:
ՌԴ արտգործնախարարը հավելել է` «Մոսկվայի կարծիքով, ԱՄՆ-ը ձգտում է մշտապես հաստատվել Սիրիայում», ապա հույս հայտնել, որ ՄԱԿ-ը կաջակցի Սիրիայում սահմանադրական գործընթացների թափանցիկությանը:
Ինչպես ընդգծել է Սերգեյ Լավրովը, «Ռուսաստանի Դաշնությունը դեռևս պնդում է Սիրիայի խաղաղության գործընթացում քրդերի մասնակցության վրա, առանց որի, հնարավոր չէ կարգավորել այդ երկրի ճգնաժամը»: Սակայն, թերևս բոլորիս էլ արդեն պարզ է, որ մի կողմից ԱՄՆ-ի տված զենքերով զինվելուց, Սիրիայի տարածքում սեփական պետությունը հիմնելու` Միացյալ Նահանգների խոստումից ոգևորված և ԱՄՆ-ի կողմից քաջալերվող, մյուս կողմից` իրենց վրա հարձակվող Թուրքիային չզսպելու պատճառով Ռուսաստանից և Իրանից, մեղմ ասած, նեղացած Սիրիայի քրդական ուժերը չեն մասնակցի Սիրիայի խաղաղության գործընթացին, հետևաբար Սիրիայում ճգնաժամն ու արյունահեղությունը կշարունակվեն:
Թեև ԱՄՆ-ը հայտարարում է, թե իր զինուժը Սիրիայում է իբրև թե «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով, սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս հայտարարել է, որ «Մոսկվան Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրում քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից որևէ ակտիվություն չի նկատում»: Եթե սա փորձենք շարադրել դիվանագիտական նրբությունները մի կողմ թողնելով և անմիջականորեն, ապա պաշտոնական Մոսկվայի ասածը հետևյալն է` ԱՄՆ-ը Սիրիայում ահաբեկչության դեմ չի պայքարում և բնավ շահագրգռված չէ այդ երկրում քաղաքական լուծման հանգելու ուղղությամբ, ավելի ճիշտ, հնարավոր ամեն կերպ փորձում է խոչընդոտել քաղաքական լուծմանը:
ԱՄՆ-ի վերոնշյալ քաղաքականության վտանգները կարծես քիչ են, Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ավիացիան փետրվարի 7-ի գիշերն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող ռուս զինծառայողներին, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, ներգրավված են եղել ռուսական «ЧВК Вагнера» մասնավոր ռազմական ընկերությունում, և փորձել են առաջ ընթանալ դեպի Դեր Զորի արևելքում գտնվող նավթավերամշակման գործարանի շրջան և հետախուզական-որոնողական գործունեություն իրականացնել ընդդեմ «Իսլամական պետության», այսպես կոչված, «քնած բջիջների»: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հավաստմամբ, տվյալ գործողությունն իրենց հետ համաձայնեցված չի եղել: Մեկ այլ տեղեկատվության համաձայն, «ЧВК Вагнера»-ի վարձկաններն իրականացնելով իրենց ստացած մասնավոր պատվերը, փորձել են գրավել այդ շրջանում եղած նավթային դաշտը, որտեղ կան մի շարք նավթահորեր, և քանի որ մասնավոր պատվեր են կատարելիս եղել, չունենալով Ռուսաստանի կամ Սիրիայի ռոզմաօդային ուժերի և ՀՕՊ-ի աջակցությունը, եղել են անպաշտպան:
Ըստ ամերիկյան կողմի, իրենց հարձակման պատճառը եղել է այն, որ Սիրիայի կառավարամետ զինված խմբավորումները Դեր Զորի նահանգում, Եփրատի մոտ հարձակվել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի վրա: Ինչպես հայտնի է, «Սիրիայի դեմոկրատական ուժերը» Սիրիայի զինված ընդդիմությունն է, որը կռվում է Բաշար Ասադի վարչակարգի դեմ, և որին աջակցում է ԱՄՆ-ը: Պենտագոնի պատճառաբանությամբ, դրանք իրենց պատասխան ավիահարվածներն են եղել, այսպես կոչված, «չհրահրված հարձակման», ինչի հետևանքով Սիրիայում այս ամիս 100 մարդ է զոհվել: Մինչդեռ, «Bloomberg»-ի նոր զեկույցի համաձայն, զոհերի թիվը կարող է հասնել 300-ի, իսկ զոհերի մեծ մասը ռուս պայմանագրային կամ վարձու զինվորներ են: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա, ըստ «Bloomberg»-ի, առաջիկա առճակատումը տասնամյակների ընթացքում ամենահզորը կլինի Սառը պատերազմի հակառակորդների միջև: Ընդգծենք, որ ամերիկյան և ռուսական ուժերը Սիրիայում հակառակ կողմերում են կռվում: 
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ավիահարվածի հետևանքով վիրավորվել է սիրիական 25 աշխարհազորային: Ակնհայտ է, որ խիստ հակասական են ինչպես միջադեպի պատճառների, այնպես էլ զոհերի թվի վերաբերյալ ասպարեզում առկա տեղեկությունները: Ի դեպ, զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները հակասական են նաև հենց ամերիկյան աղբյուրներում: Օրինակ, ըստ CNN-ի, զոհվել է ոչ թե մոտ 300 կամ ավելի քան 200, այլ ավելի քան 100 մարդ, որոնց թվում եղել են նաև մի քանի ռուսաստանցիներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռմբակոծության գոտում ռուսական զինծառայողներ, այսինքն` ռուսական բանակի զինծառայողներ չեն եղել (վարձկանները, թեկուզ ազգությամբ ռուս, ռուսական զինծառայողներ չեն համարվում, այդպիսիք համարվում են միայն պետական պաշտպանական կառույցում ծառայողները):
Անկախ ամեն ինչից, փետրվարի 7-ին Սիրիայում տեղի ունեցածով, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող ահաբեկչական խմբի կողմից դրանից մի քանի օր առաջ ռուսական ռազմական «Су-25» գրոհային ինքնաթիռի կործանմամբ մերձավորարևելյան այդ երկրում ռուս-ամերիկյան դեռ բացահայտ առճակատման չվերածված դիմակայությունը թևակոխել է նոր փուլ: Սակայն, սա դեռ ամենը չէ…
 
Շարունակելի 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական