Հայաստան պետությունն ամեն օր մեռնում է կամուրջներից ցած նետվող քաղաքացու հետ.1in.am


Հայաստան պետությունն ամեն օր մեռնում է կամուրջներից ցած նետվող քաղաքացու հետ.1in.am

  • 16-02-2018 10:30:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am 2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով: Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։ Առայժմ պաշտոնապես հայտնի չեն մոր և դստեր մահվան հանգամանքները, սակայն, ըստ ամենայնի, գործ ունենք ինքնասպանության հետ:
 
Ուշագրավ է, որ Գ. Հարությունյանը եղել է ԱԻՆ աշխատակից. նրա և դստեր անհետանալու մասին ոստիկանությունը մի քանի օր առաջ ահազանգ է ստացել: 51-ամյա մի տղամարդ էլ` այսօր ինքնասպան է եղել Վանաձորում: Սա է Հայաստանի ողբերգությունը, դժբախտությունը` նույնիսկ ավելի, քան արտաքին մարտահրավերները: Հայաստանը վերածվել է անհեռանկար, հույսից ու երազանքներից զրկված երկրի, որտեղ մարդն արժեք չունի` խարխափելով անիրավության, անարդարության, անհուսության ճիրաններում:
 
Մարդկային ողբերգության, ճակատագրերի խեղման համատեքստում ավելի զզվելի, անտանելի են դառնում պալատական խաղերն ու խարդավանքները, օլիգարխիկ ցոփ ու շվայտ կենցաղը: Իննամյա աղջնակի դիակի հայտնաբերման ֆոնին ավելի ցցուն է դառնում իշխանության ագահությունը, հաշվենկատ ցինիզմը: Հազարավոր երեխաներ գիշերները լուսացնում են` օրվա հացին կարոտ, նրանց ծնողներից շատերը ինքնասպանությունը համարում են միակ միջոցը` անվերջանալի տառապանքներից ազատվելու, սոված մանուկների աղեկտուր լացը չլսելու համար: Հայաստանը զրկվել է հույսից, բովանդակությունից:
 
Վաղվա օրը ասոցացվում է նոր, անհաղթահարելի տառապանքի, ցավի, թշվառության հետ: Ով կարողանում է` երկիրն է լքում, ավելի խեղճերն ու անզորները հրաժեշտ են տալիս կյանքին` ինքնասպանության քայլով անզոր ու լուռ ապտակ հասցնելով պետությանը, նրա հղպացած իշխանությանը, հանդուգն օլիգարխին, երկրում հաստատված բեսպրեդելին ու անտարբերությանը:
 
…Հայաստանը ամեն օր հայտնվում է անդունդին` ինքնասպանություն գործող ցանկացած քաղաքացու հետ, պետությունն ամեն օր մեռնում է կամուրջներից ցած նետվող քաղաքացու հետ: Այս ֆոնին պալատական խարդավանքները նմանվում են խրախճանքի` ժանտախտից առաջ…
 
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play