Նախարար Ռոստոմյանը հանդիպել է նորաստեղծ սպորտային բժշկության հայկական ֆեդերացիայի անդամների հետ


Նախարար Ռոստոմյանը հանդիպել է նորաստեղծ սպորտային բժշկության հայկական ֆեդերացիայի անդամների հետ

  • 16-02-2018 16:20:45   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է նորաստեղծ «Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության անդամների հետ:
 
Ֆեդերացիայի նախագահ Կարինե Խաչատրյանը նախարարին ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները: «Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիան հիմնադրվել է 2018 թվականի փետրվարի 1-ին: Մեր հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում սպորտային բժշկության տարածմանն ու զարգացմանը, ամրապնդել կապերը արտերկրի նմանատիպ կառույցների հետ, կազմակերպել մասնագետների վերապատրաստումներ և այլն»,- տեղեկացրել է Կ. Խաչատրյանը:
 
Նախարար Ռոստոմյանը կարևորել է նմանատիպ ֆեդերացիայի առկայությունը Հայաստանի Հանրապետության մարզական ոլորտում: «Մեր մարզիկների հաջողությունները մեծապես կախված են նաև սպորտային բժշկության բնագավառի բարձրակարգ մասնագետների հետ համագործակցությունից: Կարևոր է, որ մեր բոլոր մարզադպրոցներում աշխատող բժիշկների համար կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, և դա պետք է անել նաև արտրերկրի բարձրակարգ մասնագետների կողմից սեմինարների անցկացման միջոցով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, անհրաժեշտության դեպքում, կհոգա այդ մասնագետների հրավերների հետ կապված ֆինանսական հարցերը»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
 
Հանդիպման ավարտին նախարարը խնդրել է սպորտային բժշկության հայկական ֆեդերացիայի նախագահին խելամիտ ժամկետներում ներկայացնել ֆեդերացիայի ռազմավարական ծրագիրը և գործողությունների պլանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play