9-ամյա Անահիտի դասընկերները տեղյակ չեն կատարվածի մասին. դպրոցում էլ չեն շտապում հավատալ ինքնասպանության վարկածին. armtimes.com


9-ամյա Անահիտի դասընկերները տեղյակ չեն կատարվածի մասին. դպրոցում էլ չեն շտապում հավատալ ինքնասպանության վարկածին. armtimes.com

  • 16-02-2018 16:53:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված ինքնասպանություններից երկուսն առնչվում էին երեւանյան միեւնույն դպրոցին: Մի դեպքում՝ հանգստյան օրերին, ինքնասպանություն էր գործել ուսուցչուհին, իսկ երեկ էլ հայտնի դարձավ Դավթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու մասին: 9-ամյա երեխան նույնպես այդ դպրոցի աշակերտուհի էր:
 
Հաստատության տնօրենն այսօր չցանկացավ պաշտոնապես մեկնաբանություններ տալ: Մեզ, սակայն հաջողվեց պարզել որոշ մանրամասներ: Տեղեկացանք, որ երեխայի մայրը եւս ժամանակին այս դպրոցում է սովորել: Թե՛ մորը եւ թե՛ աղջկան այստեղ բնութագրում էին որպես հավասարակշռված մարդկանց: Երրորդ դասարանում սովորող Անահիտի դասվարը, խոսելով նրա մասին, ասաց.
 
«Աշխատասեր, առաջադիմող, հավասարակշռված աշակերտ էր: Նա շատ զուսպ էր, ամեն հարցում չափի մեջ էր: Դպրոց էր գալիս ժամանակին, միշտ պատրաստ է եղել, չի թերացել իր դասերում»: Ա. Զաքարյանի խոսքով, որեւէ բան չի հուշել, որ նրանց ընտանիքում կարող են անլուծելի թվացող խնդիրներ լինել, որ ինչ-որ բան լրջորեն անհանգստացնում է նրանց:
 
«Եթե նման բան լիներ, անմիջապես ես կնկատեի եւ, իհարկե, կհետաքրքրվեի: Բայց չեմ նկատել, ուրախ, զվարթ շփվել է ընկերների հետ, ավարտել է դասերը, ճանապարհել եմ, ոչինչ չեմ նկատել: Մայրիկը ժամանակին դպրոց էր բերում, տատիկը տուն էր տանում»,- ասաց ուսուցչուհին: Նա նաեւ նշեց, որ Անահիտի դասընկերները տեղյակ չեն կատարվածից: Համարում են, որ նա հիվանդ է ու այդ պատճառով բացակայում է:
 
«Մենք ինչպե՞ս թույլ կտայինք, որ երեխաները ապրեին այդ պահերը: Եթե ես ցավ եմ զգում, վիշտ եմ ապրում այս ամենի համար, որ չեմ տեսնելու իմ սանուհուն, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե աշակերտները իմանան»,- կոկորդ խեղդող հուզմունքով ասաց Ա. Զաքարյանը՝ հավելելով. «Չեմ կարծում, որ իմանան, բայց եթե հանկարծ նման բան լինի, ես մանկավարժ եմ, ես գիտեմ ինչպես այդ հարցի շուրջ զրուցել երեխաների հետ: Բայց կարծում եմ չեն իմանա: Ես այնպես եմ մտնում դասարան, որ ցույց չեմ տալիս: Մշտապես ինչպես վարել եմ դասը, աշխույժ ձեւով, այժմ էլ անցկացնում եմ, որ երեխաներն իմ դեմքին ոչ մի տխրություն չնկատեն: Դուռը բաց եմ անում, ուրախ ժպտալով մտնում եմ դասարան»,- մանրամասնեց Անահիտի ուսուցչուհին:
 
Դպրոցում զայրույթ են առաջացնում տարածվող տեղեկությունները, թե Անահիտի ընտանիքն ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում ու մայրը չի կարողացել ապահովել երեխային: «Անահիտը միշտ հագած-կապած, սնված, ընդմիջումը հետը եկել է դպրոց: Ո՛չ վերարկուի պակաս է ունեցել, ո՛չ ճտքավոր կոշիկի»,- նկատում էին այստեղ:
 
Դպրոցում, ի դեպ, չեն շտապում հավատալ, որ կատարվածն ինքնասպանություն է: Ընդգծում էին, որ Անահիտի մայրը հավասարակշռված կին էր, ու նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից: «ԱԻՆ-ի աշխատողն այդքան թույլ չէր կարող լինել»,- կարծիք էին հայտնում այստեղ:
 
Դեպքի օրը մեզ հաջողվել էր պարզել, որ Դավթաշենի կամրջից դստեր հետ նետված կինը եւ նրա մայրը բավական երկար տարիներ աշխատել են արտակարգ իրավիճակների նախարարությունում: Աշնանը, սակայն երկուսի հաստիքներն էլ կրճատվել են: Գայանեն դիմել է նախարարին, խնդրել երկուսին էլ գործազուրկ չդարձնել: Դրանից հետո՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից, նա ԱԻՆ-ում անցել է մեկ այլ աշխատանքի՝ ցածր աշխատավարձով:   
 
Ինչ վերաբերում է նախորդ հանգստյան օրերին ինքնասպանություն գործած ինֆորմատիկայի ուսուցչուհուն, դպրոցում տեղեկացանք, որ այստեղ նա հասցրել էր աշխատել ընդամենը վեց օր: Դեպքից երկու օր առաջ տնօրենին տեղեկացրել է, որ վատ ինքնազգացողություն ունի, չի կարող աշխատանքի գալ, դիմել է սրտաբանի:
 
Զուգադիպած այս երկու դեպքերը համեմատելով՝ դպրոցում նկատում էին, որ եթե երեխայի հետ կամրջից նետված կինը կարող էր աշխատանքի խնդիր ունենալ, ուսուցչուհին, փաստորեն, գտել էր այդ աշխատանքը: Հետեւաբար, այս ողբերգությունների պատճառները կարող են աշխատանքի հետ բոլորովին կապ չունենալ:  
 
Փորձեցինք պարզել նաեւ՝ հանրակրթական այս հաստատությունում արդյո՞ք հոգեբան կա, կատարված ինքնասպանություններն ի՞նչ սպառնալիք են ներկայացնում այստեղ սովորող աշակերտների հոգեբանությանը, եւ ինչ քայլեր են ձեռնարկում՝ դա թույլ չտալու համար: Դպրոցում ասացին, որ հոգեբան կա, վստահություն հայտնեցին, որ ոչ մի դասարանում երեխաները չգիտեն այդ երկու դեպքի մասին, բայց երբ իմանան, նրանք կստանան անհրաժեշտ աջակցությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play