Հայաստանին կփոխանցվի 2019 թ-ի ՏՏ համաշխարհային համաժողովի էստաֆետան


Հայաստանին կփոխանցվի 2019 թ-ի ՏՏ համաշխարհային համաժողովի էստաֆետան

  • 16-02-2018 16:41:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը մեկնում է Հնդկաստան մասնակցելու ՏՏ համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology - WCIT), որը կանցկացվի Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում` փետրվարի 19-21-ը: 
WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները,  B2B հանդիպումներ անցկացնում: 
WCIT 2018-ի շրջանակում Հայաստանին պաշտոնապես կփոխանցվի WCIT 2019-ի անցկացման էստաֆետան, որի անցկացման իրավունքը Հայաստանին է ընձեռնվել դեռևս 2014-ին՝ շնորհիվ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ): 
 
Հայաստանը WCIT-ին մասնակցում է արդեն 9-րդ անգամ: Այս տարի Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում են ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Լևոն Բաբայանը, ԻՏՁՄ անդամ-կազմակերպություններ՝ «Ինստիգեյթ Խորհրդատվական» ընկերության տնօրեն Աննա Գևորգյանը,  «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության ինժեներության գծով փոխտնօրեն Աննա Շահինյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության վարչական բաժնի ղեկավար Միքայել Գևորգյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության որակի ապահովման առաջատար մասնագետ Կարլեն Օհանյանը, «Վեոն Արմենիա» ընկերության Պլանավորման և նախագծերի իրականացման վարչության ղեկավար Իգոր Գաբրիելյանը, «ՎՕԼՕ» ընկերության Բիզնես ռազմավարության զարգացման խորհրդատու Արմեն Այվազյանը, «ԱյՅու Նեթվորքս» ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուբեն Սուքիասյանը և Վիվասել ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի ղեկավար Թոմաս Մազեջյանը: ՀՀ կառավարությունը կներկայացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը: 
 
Հավելենք, որ WCIT-ը անցկացվում է 1978 թ-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից, որին ԻՏՁՄ-ն անդամակցում է 2004 թ-ից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն