«Ավտովարորդների պաշտպանության լիգան» անօրիանական ու անարդյունավետ է համարում շարժական արագաչափերի կիրառությունը (տեսանյութ)


«Ավտովարորդների պաշտպանության լիգան» անօրիանական ու անարդյունավետ է համարում շարժական արագաչափերի կիրառությունը (տեսանյութ)

  • 16-02-2018 17:42:07   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Ավտովարորդների պաշտպանության լիգան» որոշել է ՀՀ-ի կառավարությանն ու ոստիկանությանը ներկայացնել ընդհանուր ծրագիր` կապված շարժական արագաչափերի արդյունավետ  ու ոչ արդյունավետ կիրառության հետ: 
 
Իրավաբան Մհեր Շահնազարյանը փետրվարի 16-ի ասուլիսում ներկայացրեց խնդիրը իրավական տեսանկյունից ՝ արդյոք շարժական արագաչափերի կիրառումը օրինական է, թե ոչ:   
 
«Շարժական արագաչափերի նորամուծությունը կարծես օրենքով չնախատեսված միջոց է վարչարարություն իրականացնելու համար», -  ասաց նա, ներկայացնելով այդ մասին օրենքը, ըստ որի. «Տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների մասին օրենքի առաջին հոդվածի երկրորդ մասը նախատեսում է, որ եթե խախտումը հայտնաբերված չէ տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքով  ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից, ապա այդ օրենքի դրույթները չեն տարածվում վարչական իրավախախտման վարչական վարույթի վրա»: Հետևաբար, ըստ նրա, դրանց գործունեությունը ոչ օրիանական է:
 
Մ. Շահնազարյանի գնահատմամբ, տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքը որպես իրավախախտման կանխման ու զսպան միջոց իրեն սպառել է:
 
Վերջինիս կարծիքով, նախ պետք է ունենալ կրթված, իրազեկված, հմուտ վարորդներ, ինչը հնարավոր է բացառապես կրթական պրոցեսների միջոցով, և նոր միայն ուժեղացված ճանապաարհապարեկային ծառայություն:
 
Իրավաբանի փոխանցմամբ՝  «Ավտովարորդների պաշտպանության լիգան» արդեն իսկ ստեղծել է դպրոց, որը շուտով կգործարկվի, և որտեղ վարորդները ձեռք կբերեն և՛ պրակտիկ, և՛ գործնական հմտությունները: Կիրթ վարորդներն էլ, ըստ նրա, կնպաստեն երթևեկության բարելավմանը, քանի որ արագաչափերի առկայությունն էլ այս տարիների ընթացքում փաստեց, որ խախտում կատարողները շարունակում են խախտել օրենքը՝ անկախ արագաչափերի առկայությունից:
 
Վարորդ Արտյոմ Սարգսյանն էլ հավաստում է, որ արագաչափերը հոգեբանորեն ճնշում են  ու շեղում վարորդի ուշադրությունը. «Ես միգուցե արագ անցնեմ արագաչափի կողքով, այն նկարի, բայց անցնելուց վթարի ենթարվեմ ու մահանամ: Դա միայն գումար կորզելու համար է:»,- ասաց նա:
 
Ա. Սարգսյանը ներկայացրեց Վրաստանի փորձը, որն առավել արդյունավետ է համարում. «Տեսանկարահանող ու լուսանկարահանող  ապարատը արագ ընթացող մեքենան ֆիքսում է ու այդ տվյալներն օն-լայն փոխանցում պետավտոտեսուչին, որն էլ մի քանի րոպեի ընթացքում կանգնեցնում է վարորդին՝ կանխելով հետագա վթարը»: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն