ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի հետ


ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի հետ

  • 16-02-2018 17:39:14   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի հետ
Փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող Ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմանի աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում  հայ-ռուսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ նաև Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով: 
Կողմերը մասնավորապես քննարկել են տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները: 
Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարարը շեշտեց երկու գերատեսչությունների համագործակցության, ինչպես նաև՝ աղետներին համատեղ դիմակայելու և արձագանքելու կարևորությունը: Նախարար Տոնոյանը Վ. Պուչկովին հրավիրեց մասնակցելու Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին, որոնք կկայանան սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը:
ՌԴ ԱԻ նախարարն էլ պատասխան հրավերով Դ. Տոնոյանին առաջարկեց մասնակցել սույն թվականին կայանալիք «Համալիր անվտանգություն-2018» (Комплексная безопасность – 2018) միջոցառմանը, որի ընթացքում հանրությանն են ներկայացվում փրկարարական աշխատանքների համար նախատեսված տեխնիկական միջոցների նորարարությունները. Վ. Պուչկովը հիշեցրեց նաև հաջորդ տարի Իրկուտսկում անցկացվող Հրշեջների և փրկարարների միջև Ուժային բազմամարտի բաց առաջնության եզրափակչին հրավերի մասին:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն