«Միկշին» ընկերության պնդմամբ՝ իրենց հասցեին մամուլում զրպարտություն է հրապարակվել


«Միկշին» ընկերության պնդմամբ՝ իրենց հասցեին մամուլում զրպարտություն է հրապարակվել

  • 16-02-2018 21:47:40   | Հայաստան  |  Իրավունք

 
Փետրվարի 16-ին «Նոյյան Տապան»-ը ստացել է «Միկշին» ընկերության մամլո հաղորդագրությունը, որում ներկայացված են որոշ պարզաբանումներ՝ կապված  օրերս մամուլում  տեղ գտած ընկերությանը վերաբերող տեղեկատվության հետ: 
 
Մամլո հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
 
«Ի պատասխան սույն թվականի փետրվարիի 14-ին մամուլում տեղ գտած տեղեկատվության, «Միկշին» ընկերությունը հայտնում է, որ «Երազ» բնակելի թաղամասի որոշ բնակիչների անհիմն փաստարկների հիման վրա հրապարակվել է ընկերության գործարար համբավը խեղաթյուրող, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ զրպարտություն:
 
2017թ.-ի մարտի 1-ից «Երազ» բնակելի թաղամասի Ադոնց 6/1 բազմաբնակարան շենքի սպասարկման ծառայություններն իրականացվում են բնակիչների համար անվճար՝ «Միկշին» ընկերության միջոցներով: Սույն թվականի մարտի 1-ից ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821 Ն որ ոշման համաձայն կստեղծվի համատիրություն, որն էլ կզբաղվի հետագա սպասարկմամբ:
 
«Միկշին» ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացնում է որակյալ նյութերով՝ համապատասխանող ՀՀ կառավարության վերը նշված որոշման չափորոշիչներին կամ համապատասխան գերատեսչության համաձայնությամբ:
 
Չափագրումն իրականացրել է անկախ, լիցենզավորված կազմակերպություն, և գրանցվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից, ոչ մի բնակիչ հավելյալ գումար չի վճարել, իսկ «Միկշին» ընկերությունը չի ստացել չափագրման հավելյալ գումար:
 
Ի գիտություն ԶԼՄ՝ «Մատչելի բնակարան պետական աշխատողներին» ծրագիրը և ՀՀ կառավարության կողմից 6 պետական կառույցներին 755մլն դրամ հատկացումը որևէ կապ չունեն իրար հետ:
 
«Երազ» բնակելի թաղամասի Ադոնց 6/1 բազմաբնակարան շենքն ունի բնակիչներին պատկանող տանիք (ընդհանուր բաժնային սեփականության հիմքով):
«Երազ» բնակելի թաղամասի Ադոնց 6/1 բազմաբնակարան շենքի բնակիչների հարցերին բազմիցս տրվել են հիմնավորված, սպառիչ պատասխաններ բազմաթիվ հանդիպում-քննարկումների ժամանակ:
 
Բոլոր բնակիչներին, ովքեր գտնում են, որ ձեռք են բերել բնակարան՝ անհամապատասխան իրենց պատկերացմանը, կամ դժգոհ են իրենց ձեռքբերումից, «Միկշին» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ետ գնել այդ բնակարանները՝ իրենց վճարած գնով»:
 
Հիշեցնենք, որ փետրվարիի 14-ին մամուլում հայտնվել եր տեղեկատվություն, համաձայն որի «Մատչելի բնակարան պետական աշխատողներին» կառավարության ծրագրի շրջանակներում  շինարարական աշխատանքներ կատարող «Միկշին» ընկերությունը  «չափագրման աշխատանքներն իրականացնելիս  մի քանի քառակուսի մետր ավել տարածք էր հաշվել յուրաքանչյուր բնակարանի վրա, այդպիսով պետական աշխատողներից վերցրել էր ընդհանուր մոտ 500 հազար դոլար և սեփականացրել է օրենքով բնակիչներին պատկանող տարածքը՝ տանիքը»։ 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play