Փետրվարյան ապստամբության 97-րդ տարեդարձն է. Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժանի Ավետիսյանի համատեղ նամակը


Փետրվարյան ապստամբության 97-րդ տարեդարձն է. Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժանի Ավետիսյանի համատեղ նամակը

  • 16-02-2018 18:17:19   | Հայաստան  |  Քաղաքական

Անանց և անուրանալի է թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ այդ ապստամբության նշանակությունը:
Եթե Սարդարապատյան ընդվզումը վերածնեց Հայոց պետականությունը, ապա Փետրվարյան ընդվզումը, նույնիսկ պարտված լինելով, պահպանեց դրա հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը:
 
Լեռնահայաստանի աննկուն ոգորումի հետ միասին այն թրքաբոլշևիկյան համակարգին ստիպեց ընդունել, որ մենք արժանապատվություն ունենք, ուստի նաև ունենք Հայրենիքի ու պետականության իրավունք:
Փետրվարյան ապստամբությունը նաև ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունը դատապարտված չէր, ինչպես շատերն են կարծում:
Եթե Լեռնահայաստանի նման ամբողջ երկրում իշխեին ազատատենչությունը և ընդվզման ոգին, եթե գոնե 1919 թ. սկսած Նժդեհի տեսակը վճռական մենակի հոգեբանությամբ համախմբեր ու առաջնորդեր ամբողջ հայրենաբնակ հայությանը, ապա 1-ին Հանրապետությունը կապրեր ու կբարգավաճեր:
Հենց դա՛ հասկացավ թրքաբոլշևիկությունը, որ մասամբ ընկրկեց և հրաժարվեց մեզ ամբողջությամբ մարսելու մտքից: Նա հասկացավ, որ մեր արժանապատվության ու գոյության արմատը կտրելու փորձը կարթնացնի մի դիմադրություն, որ կձախողի իր բոլոր ծրագրերը:
Ցավոք սրտի, Լեռնահայաստանից դուրս բոլշևիկության դեմ համարժեք և հետևողական պայքար չեղավ և այն ցեցի նման ներսից քայքայեց ու կործանեց 1-ին Հանրապետությունը:
Բոլշևիկությունը հիմա էլ իշխում է մեր երկրում: Թե՛ որպես կառավարման մշակույթ, և թե՛ ի դեմս այն կրող կառավարիչների՝ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:
Բայց մեր ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ 1-ին Հանրապետության ու Հայրենիքի իրավունքի ժառանգորդի և Փետրվարյան ապստամբության հետնորդի տեսակ է, որ ունի նաև թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ 2-րդ ընդվզման՝ Սասնա Ծռերի ապստամբության փորձն ու օրինակը:
Եվ մեր ժողովրդի այս տեսակի կարևոր առաջադրանքներից մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) ազատագրելիս զուգահեռաբար արմատախիլ անել բոլշևիկությունը:
Աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրի ներքին վիճակը, ինչպես նաև գաղութային համակարգի կազմալուծման գործընթացը 1-ին Հանրապետության ժամանակվա համեմատությամբ շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում դրա համար:
Համոզված ենք, որ Փետրվարյան բնույթի համազգային ընդվզմամբ շուտով ստեղծելու ենք թրքաբոլշևիկյան համակարգից ազատագրված, 1-ին Հանրապետության և Հայրենիքի վերատիրացման իրավունքի ժառանգորդ Նոր՝ Կուր-Արաքսյան
Հանրապետությունը:
 
Մե՛նք ենք տերը մեր Երկրի:
 
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
16.02.2018 թ.
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play