Սիրիայում պատերազմն իրոք վերածվել է նվազ ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի


Սիրիայում պատերազմն իրոք վերածվել է նվազ ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի

  • 16-02-2018 23:50:56   | ԱՄՆ  |  Մեկնաբանություն

 
 
 
 
Շատ մարդիկ, ովքեր հետևում են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ընթացքին, գնալով տագնապում են` մի՞ թե այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում ու Սիրիայի շուրջ, Երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է: Պատերազմ, որը գուցե արդեն սկսվել է աշխարհի հզորների միջև, բայց շատ քչերն են այն գիտակցում, քանի որ դեռ չի վերածվել բացահայտ ու մեծամասշտաբ առճակատման, առավել ևս` միջուկային պատերազմի:
Ճիշտ նույն օրը` փետրվարի 15-ին, երբ հրապարակվեց այս հոդվածի առաջին մասը, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն հրապարակեցին թուրքական «Daily Sabah» պարբերականում հրապարակված նույն լրատվամիջոցի  սյունակագիր Յահյա Բոստանի աղմկահարույց հոդվածի վերաբերյալ: Յահյա Բոստանը մասնավորապես գրել է, որ Սիրիայում պատերազմը դադարել է քաղաքացիական լինելուց ու վերածվել է ցածր ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Հոդվածագիրն այս եզրակացությանն է հանգել ՝ գնահատելով ռազմական գործողություններին մասնակցող երկրների թիվը։
«Այլևս չկա այն լարվածությունը գրոհայինների մեծ ու փոքր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների միջև,- գրել է Յահյա Բոստանը:- Դիմակայությունը տեղի է ունենում հետաքրքրված կողմերի միջև։ Դրանցից խոշորներն են Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը։ Հակամարտության պատճառով առաջացել է լարվածություն Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Իսրայելի և Եմենի միջև։ Հետաքրքրված կողմերը հետագայում կորոշեն դրա ինտենսիվությունն ու զարգացումը։ Մերձավոր Արևելքի ապագան ունի չափազանց անորոշ ուրվագծեր»:
Փաստորեն, առկա իրավիճակը վերլուծելով, տողերիս հեղինակը` Հայաստանում, Յահյա Բոստանը` Թուրքիայում, միաժամանակ հանգել ենք, ըստ էության, նույն եզրակացության, որն արտահայտել եմ սույն հոդվածի առաջին մասի վերնագրում առկա «այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում ու Սիրիայի շուրջ, Երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է» մտքով, իսկ թուրքական պարբերականի սյունակագիրն իր եզրահանգմամբ` «Սիրիայում պատերազմը դադարել է քաղաքացիական լինելուց ու վերածվել է ցածր ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի»: Այս համընկնումը, կարծում եմ, բարձրացնում է մեր եզրահանգման հավաստիության աստիճանը, ինչն այս դեպքում, անշուշտ, ոչ թե ուրախացնող է, այլ տագնապի տեղիք տվող ու, մեղմ ասած, ցավալի:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ը պահպանելու է Սիրիայում իր ռազմական ներկայությունը: Դրանից բացի, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է նաև այն բանի վրա, որ տեղական ուժերը, որոնց իրենք պատրաստել են, լինեն արդյունավետ: Խոսքը Սիրիայի հակակառավարական ուժերի մասին է:
Ըստ ռադիո «Սպուտնիկ»-ի եթերում հանդես եկած քաղաքագիտության թեկնածու Դմիտրի Եվստաֆևի, Սիրիայում ԱՄՆ-ի նպատակը տարածաշրջանի ապակայունացումն է: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում ձգտում է հսկողություն սահմանել նրա ակտիվների նշանակալի մասի վրա, այդ թվում նաև` Դեր Զորի շրջանում նավթարդյունահանման և նավթավերամշակման օբյեկտների:
Փետրվարի 15-ին ոչ պաշտոնական աղբյուրի վրա հղում կատարած ռուսաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներից հայտնի դարձավ, որ Դեր Զորում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից վիրավորված ՌԴ քաղաքացիները տեղափոխվել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հոսպիտալներ: Հայտնի դարձավ նաև, որ կոալիցիայի ավիահարվածները հասցվել են հրետանու և ավիացիայի միջոցով, օգտագործելով նաև F-15E կործանիչներ, АС-130 թռչող մարտկոցներ, «AH-64 Apache» ուղղաթիռներ ու նույնիսկ B-52 ռազմավարական ռմբակոծիչներ: Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում, նախնական տվյալներով, խոսք կարող է լինել ենթադրաբար Ռուսաստանի քաղաքացի հինգ մարդու զոհվելու մասին, որոնք զինծառայողներ չեն: Խոսքը, ինչպես հասկանալի է, ռուսական «ЧВК Вагнера» մասնավոր ռազմական ընկերության ռուս վարձկանների մասին է: Այլ տեղեկությունների համաձայն, զոհված ՌԴ քաղաքացիների թիվն ավելի մեծ է: 
Այո, միանգամայն ճիշտ է թուրքական պարբերականի սյունակագրի դիտարկումը տարբեր պետությունների միջև առկա լարվածության վերաբերյալ: Ընդգծենք, որ այդ լարվածությունը գնալով աճում է: Այն բանից հետո, երբ Սիրիայի օդային տարածքն ավիահարվածներ հասցնելու նպատակով խախտած Իսրայելի «F-16» կործանիչը խոցվել է Սիրիայի բանակի ՀՕՊ համակարգի կողմից, Իսրայելը բազմաթիվ ինքնաթիռներ օդ բարձրացնելով, զանգվածային բնույթի ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող սիրիական և իրանական ռազմական թիրախներից 12-ին: Սիրիայի վրա իսրայելական ինքնաթիռների այդպիսի զանգվածային գրոհ յոթնօրյա պատերազմից հետո թերևս չէր եղել:
Սիրիան պատրաստվում էր տալ վերոնշյալ գրոհի պատասխանը, ինչից հետո, ինչպես դժվար չէ ենթադրել, փոխադարձ հարվածներն ավելի մասշտաբային բնույթ էին ստանալու և վերածվելու պատերազմի: Սակայն, Իսրայելին տվյալ պահին ձեռնտու չէր պատերազմը, դրա ժամանակը դեռ չէր եկել: Իսրայելը սպասում է, որ Սիրիայի հարցերը լուծվեն այլ պետությունների, մասնավորապես` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջոցով, որպեսզի ինքն իզուր տեղը թեկուզ փոքրաթիվ զոհեր չունենա` նկատի ունենալով, որ տարածքով մոտ, նույնիսկ սահմանակից է Սիրիային և այդ առումով գտնվում է վերջինիս ավիացիայի, հրթիռների ու հրետանու հարվածի գոտում: Այդ իսկ պատճառով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իսրայելական ինքնաթիռների զանգվածային գրոհից հետո հեռախոսով դիմել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս միջնորդի, զսպի Սիրիային և Իրանին` Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելուց: Կարծում ենք, միաժամանակ նաև ակնարկել է, թե հակառակ դեպքում ինչ հետևանքներ են սպասվում; Եվ քանի որ Ռուսաստանին միանշանակ ձեռնտու չէ Սիրիայի և Իսրայելի, Իրանի և Իսրայելի միջև պատերազմի բռնկումը, Ռուսաստանը հավանաբար բավարարել է Նաթանյահուի խնդրանքը, համենայն դեպս, Սիրիան և Իրանը ձեռնպահ մնացին պատասխան հարվածներից: Այնուհանդերձ, պաշտոնական Դամասկոսը զգուշացրել է Իսրայելին, որ իր վրա կրկին անգամ հարձակվելու դեպքում, Իսրայելը պատասխան հարձակումների է ենթարկվելու:
«Ամեն անգամ, երբ սիոնիստական ռեժիմը փորձի հարձակվել Սիրիայի վրա, այդ երկրի բանակն իր հակադարձ քայլերով անակնկալի կբերի ռեժիմին»,- ՍԱՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Իմեն Սուսանը: Չնայած այս զգուշացմանը, Իսրայելի հետախուզական ինքնաթիռը փետրվարի 14-ին ներթափանցել է Սիրիայի օդային տարածք, բայց որոշ ժամանակ անց Սիրիայի ՀՕՊ-ի կողմից հարկադրվել է հեռանալ:
Սիրիան, սակայն, իր ամենամեծ վտանգն այսօր զգում է ոչ թե Իսրայելից, այլ ԱՄՆ-ից, թերևս նաև Ֆրանսիայից:
Սիրիայի ԱԳ նախարարությունն ավելի քան տասն օր առաջ հայտարարել էր. «ԱՄՆ-ի վերջին հայտարարությունն առ այն, որ Սիրիայի բանակը Դամասկոսի մոտակայքում ահաբեկիչների ու խռովարարների դեմ քիմիական զենքեր է կիրառել, անհիմն է»:
Ինչպես հայտնի է, Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքի նկատմամբ քիմիական զենքի կիրառում վերագրելով Սիրիայի կառավարությանը, Միացյալ Նահանգներն անցյալ տարվա ապրիլին մի քանի տասնյակ «Թոմահավք» թևավոր հրթիռներով հարվածեց Սիրիայի Ալ-Աշիրաթի «Շայրաթ» ավիաբազային, և հայտարարեց, որ պատրաստ է ավելին անել, եթե դրա կարիքը զգացվի:
Սրվող իրավիճակի համապատկերին անդրադառնալով Սիրիայի կառավարությանը քիմիական զենքերի կիրառման մեջ վերջերս մեղադրելուց հետո, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հեդեր Նաորթնի այն հայտարարությանը, որ «Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական քայլեր ձեռնարկել Սիրիայի դեմ», Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեղդադը փետրվարի 14-ին զգուշացրել է քիմիական հարձակումների պատճառաբանությամբ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր դավադրության մասին:
«Արևմուտքի սպառնալիքը համարվում է Սիրիայի դեմ նրանց թշնամական քայլերն արդարացնելու փորձ»,- ասել է Ֆեյսալ Մեղդադը:
Սիրիայի «Ալ Ախբարիա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սիրիայի արտգործնախարարի տեղակալն ասել է. «ԱՄՆ-ը ցանկանում է երկարաձգել Սիրիայի պատերազմը: Սակայն նրա քաղաքականության հետևանքներն անդառնալի են լինելու»:
Դատելով ամենից, ԱՄՆ-ը Սիրիայի նկատմամբ շատ մեծ սադրանք է նախապատրաստում ու նպատակ ունի այդ պետության դեմ պատերազմին մասնակից դարձնել նաև ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, մասնավորապես` մասոնական Ֆրանսիային, որի նախագահին արդեն նախապատրաստել է Սիրիայի նկատմամբ ռազմարշավ իրականացնելու համար: Այդ մասին է վկայում փետրվարի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, որ «Եթե ապացուցվի, որ Սիրիայի կառավարությունն օգտվել է քիմիական զենքից, այդ երկրի դեմ ռազմական քայլ կձեռնարկենք»:
Ինչպես հայտնի է, պաշտոնական Դամասկոսը բազմիցս հերքել է քիմիական զենք կիրառելու կապակցությամբ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, ավելին` միջազգային հանրության ձեռքի տակ չկա որևէ ապացույց` Սիրիայի բանակի կամ կառավարամետ ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:
Համաձայն սիրիական կողմի պաշտոնական հաղորդումների, ահաբեկիչները  Սիրիայում և Իրաքում քիմիական զենք են օգտագործել:
Կասկածից դուրս է, որ Սիրիայի կառավարությանը քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրելը ոչ միայն հասարակական կարծիքն ապակողմնորոշելու, ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի բանակի վերջին հաղթանակները չմարսելուց հետո, իրականությունը գլխիվայր ներկայացնելու, այլև այդ ինքնիշխան պետության նկատմամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական ագրեսիան նախապատրաստելու ու պատրվակելու նպատակն ունեն: Բաշար Ասադը և, ընդհանրապես, Սիրիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմար չեն, որ ներկա լարված իրավիճակում, ԱՄՆ-ի նման հզոր ուժի հարձակման իրական սպառնալիքն աչքի առաջ ունենալով, առավել ևս` 2017թ. ապրիլին նույն պատրվակով իր ռազմաօդային բազայի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո, անցյալ շուրջ մեկ տարում քիմիական զենք կիրառեին որևէ մեկի նկատմամբ, եթե, իհարկե, ընդհանրապես ունեն քիմիական զենք, այսինքն` ամբողջությամբ չեն ոչնչացրել այն:
Օրերս «Task and Purpose պորտալը» և մի շարք այլ ԶԼՄ-ներ տեղեկատվություն հրապարակեցին այն մասին, որ ԱՙՙՄՆ բանակն արագացնում է ցամաքային մասշտաբային պատերազմի նախապատրաստությունը: Մասնավորապես` ԱՄՆ-ի զինված ուժերը 155 միլիմետրանոց հաուբիցների համար շուրջ 150 000 արկի և մերձամարտի համար նախատեսված «Էկսկալիբուր» ռեակտիվ արկերի գնման հայտ են ներկայացրել:
«Մենք պատրաստվում ենք հատուկ վճռականություն պահանջող մի բախման մեջ մարտի»,- ԱՄՆ բանակի բյուջեի գծով տնօրեն, գեներալ-մայոր Պոլ Չեմբեռլենի խոսքն է մեջբերել վերոնշյալ պորտալը:
Գրեթե միաժամանակ, փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ցամաքային զորքերը կրճատում են իրենց արտասահմանյան առաքելությունները, Քուվեյթում գտնվող իր զրահատանկային մարտական ստորաբաժանումը և արտերկրում գտնվող այլ ստորաբաժանումներ վերադարձնում է ԱՄՆ, որպեսզի բարձրացնի զինծառայողների մարտական պատրաստվածությունն, իրենց հերթին, ավելի կարևոր գործողությունների կատարման համար:
Նույն օրը հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը, որ բախումների ժամանակ քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջը միանգամայն լուրջ է, և Վաշինգտոնն ավելի վաղ Սիրիային ցույց է տվել, թե ինչպիսին կարող են լինել հետևանքները: Պետդեպարտամենտի ղեկավարն ասել է նաև, որ ԱՄՆ-ի կարծիքով, Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է կրում Սիրիայում այդպիսի հարձակումներին վերջ տալու և այն պարտավորությունների առումով, որոնք իր վրա վերցրել է քիմիական զենքի ոչնչացման համար:
Դատելով ամենից, վերոնշյալը Սիրիայի դեմ ցամաքային զորքերի ներգրավմամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարձակման քաղաքական-քարոզչական նախապատրաստություն է` Ռուսաստանի դեմ` իր պարտավորությունները չկատարելու սին մեղադրանքը նախապատրաստելու բաղադրիչով, որպեսզի հետագայում ՄԱԿ-ում հակադարձի վերջինիս հնարավոր քայլերին: Միանգամայն հնարավոր է, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի նախապատրաստվող ագրեսիայի սուր սլաքն ուղղված է Պուտինի և Ռուսաստանի դեմ, քանի որ ՌԴ նախագահը, ելնելով մի շարք տեղեկություններից, առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մտադիր է Ռուսաստանը դուրս բերել կիսագաղութային վիճակից, որում երկիրը հայտնվել է Արևմուտքի կողմից ԽՍՀՄ փլուզումից հետո: Հնարավոր է նաև, որ Պուտինին ծանր կացության առաջ կանգնեցնելու և նրա վարկանիշին հարված հասցնելու նպատակով, Սիրիայի նկատմամբ Միացյալ Նահանգներն իր ագրեսիան սկսի Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ կամ այդ ժամանակ` օգտվելով այն խառը իրավիճակից, որը հավանաբար նախապատրաստել է և ենթադրում է, որ լինելու է Ռուսաստանում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play