Շահան Գանտահարյան․ Լիարժեքորեն կիրառվեց Թուրքիայի քաղաքականությանը հակադրությունը եվրոպական քաղաքական արժեհամակարգին ի ցույց հանելու մոտեցումը

19-02-2018 12:56:32   | Լիբանան  |  Հարցազրույցներ
Ի պատասխան «Նոյյան տապանի» թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի Հայաստան - Թուրքիա հարաբերություններին վերաբերվող հատվածը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մասնավորապես նշեց․
 


«ՀՀ նախագահի մյունխենյան ելույթի Երեւան-Անկարա հարաբերությունների բաժինը կարծում եմ ըստ էության նախաբանն է արձանագրությնների չեղարկմանը։ Եւ այստեղ կա ընդգծված հետեւողականություն։ Սահմանադրական դատարանի ամրագրած վերապահումներից հետո, խորհրդարանի օրակարգից եւ ապա խորհրդարանից հետ քաշելու, արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու,  ապա մինչեւ գարուն առ ոչինչ հայտարարելու հրապարակային ելույթի վերջին հանգրվանն է Մյունխենում ասվածը։
 
Կարծում եմ նաեւ որ այնտեղ լիարժեք օգտագործվել է Եվրոպայի կամ առհասարակ միջազգային հանրության հետ խոսելու քաղաքական լեզուն։ Պարզ տեսքով ասվում է, որ հակառակ Երեւանի նախաձեռնությանը, հակառակ ամեն ինչ անելուն, նույնիսկ հայ ժողովրդի կարեւոր հատվածի` Սփյուռքի ցուցաբերած սուր զգայնությանը, Անկարան չի ընդառաջել միջազգային ընտանիքի եւ հայկական կողմի քայլերին։
 
Այստեղ եւս, ինչպես եւ  արցախյան հարցի կարգավորման գործընթացի նման, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան  խաղաղարար գործընթացի կամ հարաբերությունների նորմալացումը արգելակող կողմ են ներկայացվում։
 
Կարեւոր է նաեւ այն, որ հաստատվում է, որ պայմանները փոխվել են եւ Թուրքիայի հետ հարաբերություններ մշակելու համար անհրաժեշտ է նոր փաստաթուղթ։ Ասել կուզի, որ Թուրքիայի պահվածքի պատճառով արձանագրությունների կյանքի չկոչվելուն, Երեւանը պատրաստ է գնալ հարաբերությունների նորմալացման նոր գործընթացի մեկնարկի, մշակելի նոր փաստաղթերի հիման վրա։
 
Նախագահի խոսքում Թուրքիան հակադրվել է եվրոպական արժեքներին` փակել է սահմանը, շրջափակել մեր Հանրապետությունը, շարունակել նախապայմանային քաղաքականությունը եւ չի վավերացրել արձանագրությունները։ Անգամ այս պայմաններում Երեւանը նախանշելով արձանագրությունների չեղարկումը պատրաստակամություն է հայտնում վերսկսելու բանակցությունները, բայց նոր փաստաթղթի հիման վրա, որտեղ չպետք է լինեն նախապայմանային իրավադրույթներ։
 
Կարծում եմ լիարժեք աշխատել է Թուրքիային եվրոպական քաղաքական արժեհամակարգին հակադրելու մոտեցումը»։
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1265 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար