Ճապոնիան աջակցում է մարզային դպրոցների դիմակայունության բարձրացմանը


Ճապոնիան աջակցում է մարզային դպրոցների դիմակայունության բարձրացմանը

  • 19-02-2018 13:59:22   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 12-17-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ՀՀ ԱԻ նախարարությունն իրականացրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն փոքր դրամաշնորհային ծրագիր՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:
 
Հիմնական նպատակներն են դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:
 
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Ֆ. Կացուտոշին: Նա այցելել է մարզի Ռինդ և Գլաձոր համայնքների դպրոցներ ու ծանոթացել այնտեղ իրականացված Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն ծրագրի արդյունքներին:
 
Կարճ ժամանակահատվածում վերոնշյալ երկու համայնքների ուսումնական հաստատությունները կահավորվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով, տարահանման համար նախատեսվող պայմանական նշաններով, իսկ դպրոցում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) ամրացվելու են պատերին` երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով: Մշակվել են դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները, որոնք փակցվել են բոլոր դասասենյակներում և այլ համապատասխան վայրերում:
 
Ծրագիրն իրականացվել է դպրոցների մանկավարժական անձնակազմի, աշակերտների, նրանց ծնողների, համայնքի բնակիչների, համայնքապետարանների ու մարզպետարանի ակտիվ մասնակցությամբ, իսկ ավարտին Գլաձորի դպրոցում կազմակերպվել է վարժանք` Անձնակազմի և աշակերտների պաշտպանությունն ուժեղ երկրաշարժի դեպքում թեմայով:
 
Վարժանքն անցկացվել է արդեն իսկ մշակված աղետների ռիսկի կառավարման պլանի տարահանման սխեմաների և ստանդարտ գործողությունների ընթացակարգերի համաձայն: Կատարվել է դպրոցի անձնակազմի և աշակերտների խնդրադրում, որի միջոցով նրանք ճշտել են արտակարգ իրավիճակների դեպքում իրենց գործողությունները: Վարժանքին ներգրավվել էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն ծրագրի շրջանակներում ձեռք բերված անօդաչու թռչող սարքի միջոցով ստացված սխեմաները ներառվեցին դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլաններում: Անցկացված վարժանքի ժամանակ անօդաչու թռչող սարքը կիրառվել է նաև փրկարարական աշխատանքների համար: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն