Գիրքը դանդաղ քայլերով, բայց կրկին մտնում է մեր կյանք


Գիրքը դանդաղ քայլերով, բայց կրկին մտնում է մեր կյանք

  • 19-02-2018 16:48:30   | Հայաստան  |  Գրական էջ

 
Գիրքը դանդաղ քայլերով, բայց կրկին մտնում է մեր կյանք: 
 
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց մշակութաբան և հրապարակախոս Կարինե Հակոբյանը: 
 
Ըստ նրա՝ խորհրդային տարիների համեմատությամբ` գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել էր, սակայն հատկապես վերջին մի քանի տարիներին դարձյալ ակտիվություն է նկատվում թե գրախանութներում, թե հրատարակչության ոլորտում: 
 
«Խորհրդային տարիներին գրախանութների դիմաց հերթեր էին: Այն ժամանակ ամեն ինչ պետությունն իր ձեռքում էր պահում, ուներ գաղափարախոսություն, որին էլ ծառայեցնում էր գրահրատարակչությունը, բայց մենք այսօր նույնպես պետություն ենք և պետք է ունենանք մեր ազգային գաղափարախոսությունը, և ինչու ոչ՝ գրահրատարակչությունը պետք է նպաստի այդ նպատակներին հասնելուն»,- նկատեց Կ. Հակոբյանը՝ հավելելով, որ առայժմ գրահրատարակչությունը՝ որպես հզոր գործիք, չի կիրառվում այնպես, ինչպես նախկինում: 
 
Նրա խոսքերով, Հայաստանում կան գրագետ և բանիմաց հրատարակիչներ, ովքեր անձամբ են որոշում, թե ինչ պետք է հրատարակեն, և մեծամասամբ ճիշտ ընտրություն են կատարում: 
 
Հրապարակախոսի համոզմամբ՝ պետությունը գրահրատարակչության ոլորտում մեծ գործ ունի անելու, որովհետև առանց նպատակի ու գաղափարախոսության հնարավոր չէ պետություն կառուցել: 
 
«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի փոխանցմամբ՝ մասնագիտական գրականության առումով ուսանողությունը և դպրոցահասակ երեխաները ոչ մի խնդիր չունեն: 
 
Նրա կարծիքով՝ Հայաստանում հատկապես վերջին տարիներին գրահրատարակիչներն ավելի ճիշտ ու խորն են ուսումնասիրում ընթերողների պահանջարկը և լավ գրքեր հրատարակում: 
 
«Ընդհանուր առմամբ գրականության պակաս չկա: Իհարկե, այս ամենի մեջ ամենամեծ պահանջարկ ունեցողը մանկական գրականությունն է, հատկապես նախադպրոցական և կրտսեր տարիքի դպրոցականների համար նախատեսված գրականությունը: Երկրորդ տեղում է գեղարվեստական գրականությունը, որը մի քանի տարի առաջ չորրորդ տեղում էր: Սրա դրականն այն է, որ մարդը տուրք է տալիս իր ինտելեկտուալ հանգստին՝ կարդալով գեղարվեստական գրականություն»,- նշեց Խաչիկ Վարդանյանը: 
 
«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանն էլ իր հերթին նկատեց, որ թե խորհրդային տարիներին, թե ներկայումս կան ինչպես գիրք կարդացողներ, այնպես էլ գիրք չկարդացողներ: 
 
«Կարդում են, գրքի հետ ընկերություն են անում գաղափարական, ազգային մարդիկ, ովքեր տեղ չունեն հասարակության մեջ. Խնդիրը սրանում է»,- ընդգծեց նա: 
 
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք կարող է էլեկտրոնային գիրքը ետ մղել տպագրին՝ Վ. Սարգսյանը փաստեց, որ տպագիր գիրք կարդալու մշակույթն առանձնահատուկ երևույթ է, որին ոչ միայն չի կարող փոխարինել, այլ չի կարող խանգարել էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող գիրքը: 
 
Չնայած այն հանգամանքին, որ ապրում ենք ինֆորմացիոն դարաշրջանում, այդուհանդերձ, բանախոսները համոզված են, որ տպագիր գիրքը դեռևս կապրի ու կունենա իր դերը հասարակության կյանքում: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գրական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play