«Արցախը մենք ենք» խորագրով համերգից ստացվելիք ողջ հասույթն ուղղվելու է Մադաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերանորոգմանը (տեսանյութ)


«Արցախը մենք ենք» խորագրով համերգից ստացվելիք ողջ հասույթն ուղղվելու է Մադաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերանորոգմանը (տեսանյութ)

  • 20-02-2018 17:15:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
Փետրվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է «Արցախը մենք ենք» խորագրով բարեգործական համերգ, որից ստացվելիք ողջ հասույթը փոխանցվելու է «Հյուսիս-Արևելյան դարպասներ» բարեգործական ծրագրին: 
 
Ինչպես փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց համերգի կազմակերպիչ, «Վիվարտ» ՄՀԿ նախագահ, նշյալ ծրագրի նախաձեռնող Վարդուհի Գասպարյանը, «Հյուսիս-Արևելյան դարպասներ»-ի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Մադաղիսում գտնվող Սուրբ Եղիշե եկեղեցին, կից տարածքում տեղադրել հուշաքար, նաև բացել պուրակ և թանգարան՝ նվիրված բոլոր ժամանակներում Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակին: 
 
«Հերթական բարեգործական համերգին այս անգամ նոր խմբեր են միացել. ուզում եմ երախտագիտությունս հայտնել Աշուղ Նազելիին, Կարապետյան Արմանին մշտապես կողքիս գտնվելու համար, այս անգամ մեզ են միացել Արտ Մշակույթի կենտրոնը ղեկավար Սամսոն Մուրադյանի գլխավորությամբ, նաև «Վաղարշապատ» երգի և պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գայանե Մադոյանը, «Ժողովրդական երգիչ» նախագծից շատ երգիչներ»,- նշեց նա՝ կոչ անելով մասնակցել համերգին և սեփական փոքրիկ ներդրումն ունենալ ծրագրի իրականացման գործում: 
 
Վ. Գասպարյանի փոխանցմամբ՝ «Հյուսիս-Արևելյան դարպասներ» բարեգործական ծրագիրն իրականացվում է արդեն մեկ տարի, այս ընթացքում հասցրել են ֆինանսական որոշակի միջոցներ հավաքագրել Սուրբ Եղիշե եկեղեցու գմբեթի վերանորոգման համար, իսկ խաչքար հուշաքարը գրեթե պատրաստ է տեղադրման:  
 
Նրա խոսքերով՝ Մադաղիսի զորամասի կողքին գտնվող եկեղեցու վերանորոգման, հարակից պուրակի և թանգարանի համար անհրաժեշտ է հավաքագրել 30-40 հազար դոլար, ինչը մեծ գումար է և այդքան էլ հեշտությամբ չի հավաքվում: 
 
Իր հերթին Աշուղ Նազելին (Նազելի Գրիգորյան) շեշետեց, որ շարունակելու է աջակցել «Հյուսիս-Արևելյան դարպասներ» բարեգործական ծրագրին, քանի որ այն անշահախնդիր ծրագիր է: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն