Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը


Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը

  • 20-02-2018 18:15:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 20-ին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում կայացավ համայնքների դիմակայունությանը նվիրված (ԴԻՊԵԿՈ) ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող միջազգային ֆորում, որը կազմակերպվել է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի  և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ սերտ համագործակցությամբ: 
 
Ֆորումի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պատրաստակամությունն է  հայտնել ՀՀ մարզային կառույցների հետ քննարկել և վերլուծել աղետների ռիսկի կառավարման ոլորտում մարզերում իրականացվող քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից պետք է իրականացվի Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) բաղադրիչի ներառումը մարզային և համայնքային զարգացման ծրագրերում: 
Ողջունելով ԴԻՊԵԿՈ ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող Համայնքների դիմակայունության ֆորում-ի մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց ծրագրի շրջանակներում առաջին նմանատիպ միջոցառման կազմակերպման և անցկացման կարևորությունը: «Մերօրյա մարտահրավերների պայմաններում բոլոր հնարավոր դերակատարները պետք է  միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման, համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի և փոխօգնության մեխանիզմների կազմակերպման նպատակով: Իմ կողմից համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում կիրառական ուղեցույցը, որով համայնքներում սեփական ուժերով պետք է իրականացվեն վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործընթացներ,- նշել է Դավիթ Տոնոյանը:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում վերահաստատեց Եվրոպական միության հանձնառությունը՝ օժանդակելու գործընկեր երկրներին համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը իր խոսքում կարևորեց համայնքների դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը, միաժամանակ նշելով, որ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կատարվել է հսկայական աշխատանք համայնքներում դիմակայունության խնդիրների բացահայտման և օրենսդրական դաշտը դրան համահունչ կատարելագործելու ուղղությամբ:
Ելույթ ունեցան և համայնքների դիմակայունության վերաբերյալ իրենց մոտեցումները շարադրեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասսին, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ֆորումի մասնակիցներին հորդորեց մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի տեսանկյունից մարզային և համայնքային ծրագրերի վերլուծությանը, նշելով նաև, որ համայնքների համար պետական սուբսիդավորումը պետք է դիտարկել  նաև որպես աղետների դիմակայունության բարձրացման միջոց:
«Առանց աղետների ռիսկի նվազեցման հնարավոր չէ զարգանալ»,- հավելեց նախարարը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների և ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում համայնքների դիմակայունության բարձացման խնդիրները: 
Մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին և զարգացման ծրագրերի պատասխանատուներին ներկայացվեցին համայնքների դիմակայունության բարձրացման խնդիրները` Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների, ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում,  սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքները, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որը նպաստում է տեղական և մարզային մակարդակներում ռիսկի արդյունավետ կառավարմանը: 
Ֆորումի հիմնական նպատակն էր խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն