Տարոն Մարգարյան. «Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի քրոնիկական խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է»


Տարոն Մարգարյան. «Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի քրոնիկական խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է»

  • 21-02-2018 16:41:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, ձեռքբերումները, այնուհետև՝ 2018թ. ծրագրերը: Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Որպես Նուբարաշեն վարչական շրջանի ձեռքբերում, Արթուր Կիրակոսյանն առանձնացրել է բակերի բարեկարգման, հանգստի նոր կենտրոնների ստեղծման, կենտրոնական զբոսայգու բարեկարգման, կրթամշակութային օջախների հիմնանորոգման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք բնակիչների կողմից սպասված են եղել տասնամյակներ շարունակ: Սոցիալական, մշակութային և մարզական  ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ: 
Խոսելով 2018թ. նախատեսված ծրագրերի մասին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ վարչական շրջանում Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ այս տարի շահագործման կհանձնվի նոր մանկապարտեզ, ուր հաճախելու հնարավորություն կստանա ևս 130 երեխա, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ծրագրի շրջանակում էլ հիմնովին կվերակառուցվի  Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցը: 
 
«Պարոն քաղաքապետ, բոլոր այն ծրագրերը, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կյանքի կոչվեցին Նուբարաշեն վարչական շրջանում, իսկապես անչափ կարևոր ու սպասված էին մեր բնակիչների համար: Երևանի համաչափ զարգացման՝ Ձեր կողմից առաջադրված հայեցակարգի շրջանակում, տասնամյակների դադարից հետո, նուբարաշենցին տեսավ ու զգաց ամենօրյա հետևողականություն ու սրտացավ աշխատանք: Վստահեցնում եմ, որ թիմը պատրաստ է նույն հետևողականությամբ կյանքի կոչել նաև 2018թ. Ձեր կողմից առաջադրված բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Նուբարաշենի բնակիչների համար հարմարավետ պայմանների ապահովմանը»,- նշել է Արթուր Կիրակոսյանը: 
 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նուբարաշեն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ տասնամյակների դադարից հետո այս խնդրի լուծումը ևս կդառնա իրականություն:
 
 «Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի քրոնիկական խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Երևանի համար նոր աղբավայրի կառուցումը և հին աղբավայրերի մեկուսացումը, աղբի տեսակավորումն ու վերամշակումը մեր առաջնահերթությունների շարքում են: Եվ այսօր վստահորեն կարող ենք հայտարարել, որ առաջիկա տարիներին մենք վերջնականապես կլուծենք այն: Միջազգային մրցույթ հայտարարելուց հետո, մենք արդեն հանրությանը կներկայացնենք հստակ ժամկետներ՝ նոր աղբավայրի կառուցման մեկնարկի ու այն ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ»,- նշել է քաղաքապետը:  
 
Անդրադառնալով սոցիալական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դրանց հասցեականությանն ու հանդես գալ նոր առաջարկություններով:
 
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի են կոչվում սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իսկապես սպասված են դարձել բնակիչների կողմից: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակչի հոգսը հնարավորին թեթևացնելը, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն ու օժանդակելը: Ուստի, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող և հանդես գալ սոցիալական նշանակության նոր առաջարկներով»,-նշել է քաղաքապետն ու հանձնարարել չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ:   
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play