Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ փոխգործակցության զարգացման հարցեր


Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ փոխգործակցության զարգացման հարցեր

  • 21-02-2018 17:10:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կնեսեթի մի շարք ստորաբաժումների ղեկավարներ, այդ թվում նաեւ հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավարն ու Կնեսեթի մամուլի խոսնակը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ փորձի փոխանակման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:
Ալբերտ Սախարովիչը փորձի լայնածավալ փոխանակման պատրաստակամություն է հայտնել, այդ թվում աշխատակազմի թե՛ առանձին եւ թե՛ բոլոր ստորաբաժանումների մակարդակով:
Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկումների առանցքում է եղել փորձագիտական ծառայությունների մատուցման եւ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության կազմակերպման ու իրականացման իսրայելական փորձը: Նշենք, որ Կնեսեթի հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնում աշխատում է շուրջ 36 մասնագետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանների աշխատակազմերի ստորաբաժանումների անմիջական համագործակցության եւ փորձագետների փոխայցերի կազմակերպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցում է Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովին, որին մասնակցում են 25 երկրների խորհրդարանների ու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաժողովի ընթացքում քննարկվում են մասնավորապես հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն