Ղարաբաղյան շարժումն ինքնաբուխ էր, երգ ու ծիծաղով, բայց մեր դեմ դուրս եկան հրասայլերով, տեսած և չտեսած զենքերով
21-02-2018 18:47:24 | Հայաստան | Հասարակություն
Ղարաբաղյան շարժումն ինքնաբուխ էր, երգ ու ծիծաղով, բայց մեր դեմ դուրս եկան հրասայլերով, տեսած և չտեսած զենքերով:
Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ կայացած ասուլիսի ժամանակ վերհիշեց ՀՀ բանակի գեներալ-մայոր, «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աստվածատուր Պետրոսյանը:
Ըստ նրա՝ Արցախյան շարժումն ուներ իր առաջնորդները, ովքեր երբևէ չէին հեռանում «Միացման» գաղափարից:
«Շարժման առաջնորդները ձգտում էին միասնականության ոգին փոխանցել Արցախից Հայաստանին և Հայաստանից Արցախին: Կոմունիստական կուսակցության անդամ չլինելով՝ պահանջում էինք պլենում, սեսիա»,- նշեց Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ ազգային ազատագրական շարժման ոգին վարակել էր անգամ մանկահասակ երեխաներին, ովքեր Շուշիի ազատագրումից հետո Եռագույն դրոշներով դուրս էին եկել փողոց, իսկ խորհրդային զորքը զարմացած բացել էր ճանապարհը:
Գեներալ-մայորի խոսքերով՝ ոչ մի անգամ հայ ժողովուրդն այդպիսի ոգևորությամբ չէր գնացել անկախության պայքարի և այդպիսի համաժողովրդական զարթոնք ու միացում ոչ մի երկրում չէր եղել, ինչպես եղավ Հայաստանում և Արցախում:
Նրա համոզմամբ՝ ազգային գաղափարախոսությունը նստած է յուրաքանչյուրիս սրտում, դա գենետիկորեն փոխանցվող երևույթ է:
«Ես հիշում եմ ապրիլյան դեպքերը, երբ մեր մանուկները մանկապարտեզներում հավաքել էին բանակին ու հայ զինվորին նվիրված իրենց նկարները, այսինքն՝ նույն ոգին պահպանվել է և ոչ թե մսխվել ու վերացել. Մենք չպետք է միայն բացասականը տեսնենք»,- ընդգծեց Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ Ղարաբաղյան շարժման մասնակիցները երբևէ չեն կենտրոնացել անձնական ես-ի կամ բարեկեցության վրա:
Լրագրողի այն հարցին, թե այսօր հայությունը միասնակա՞ն է, գեներալ-մայորը պատասխանեց. «Կարող է թվալ, որ միասնական չենք, բայց երբ պատերազմական իրավիճակ է ստեղծվում, մենք միանում ենք, ձուլվում միմյանց: Մեր միասնությունը կործանում է միմյանց նկատմամբ հավատի ու վստահության պակասը»: