Մեկնարկել են մայրենիի օրվան նվիրված միջոցառումները


Մեկնարկել են մայրենիի օրվան նվիրված միջոցառումները

  • 21-02-2018 17:58:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 21-ին մեկնարկեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները Օշականում: Տոնի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ  այցելեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին:
Այնուհետև եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ մայրենիին նվիրված ավանդական միջոցառում՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ:
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Հարգելի ներկաներ, սիրով և ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր ոսկեղենիկ լեզվի տոնի առթիվ: Արդեն ավանդույթ է դարձել օրը սկսել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկ խոնարհելով: Մաշտոցը ամենամեծ հայն է, պետք է մեծարենք ու խնկարկենք նրա հիշատակը, նույնը պետք է սովորեցնենք մեր երեխաներին: Օշականը սրբատեղի է հայ ժողովրդի համար և գրկաբաց ընդունում է բոլոր հայերին, շնորհակալ ենք ձեզ այս տոնի համար: Մայրենիի պահպանությունը հատկապես կարևոր է Սփյուռքում: Լեզվի պահպանությունը հայապահպանության գրավականն է: Եթե հայ մանուկը դրսում խոսում է հայերեն, ուրեմն հաղթել ենք: Երեխայի գլխավոր ուսուցիչը հայ մայրն է, և ես խնդրում եմ սփյուռքում ապրող բոլոր մայրերին, որ երեխաների հետ խոսեն միայն հայերեն: Խոսքս ուզում եմ ավարտել լեզվի մասին Համո Սահյանի տողերով. 
«Մեր լեզուն արյունն է մեր, 
Արյունից ավելի թանկ, 
Մեր բուրմունքն ու գույնն է մեր, 
Մեր լեզուն մենք ենք, որ կանք…»»:
Միջոցառումը սկսվեց Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քհն. Մանուկյանի աղոթքով և օրհնությամբ: 
Օշականի դպրոցի աշակերտները փոքրիկ բեմադրություն ներկայացրին մայրենի լեզվի, Մեսրոպ Մաշտոցի մասին, նվագեցին երգեցին ու արտասանեցին: Ելույթ ունեցան նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ, պարսիկ և սփյուռքահայ ուսանողները:
 
Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ծաղկեպսակ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի արձանին: Տոնի առթիվ Երևանի Խ. Աբովյանի անվան N 2 դպրոցի աշակերտները մայրենիին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին:
 
Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կազմակերպված՝ 2016-2017 թթ. ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված արևմտահայերենին նվիրված գրքերի շնորհանդեսով և արևմտահայերենի խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկումով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play