ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Ռազմական համալսարանում


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հյուրընկալվել է Ռազմական համալսարանում

  • 21-02-2018 19:39:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 21-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում:
Դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության և ազգային պաշտպանական ռազմավարության հիմնադրույթները: Քննարկումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ռազմական համալսարանի ղեկավար կազմը, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ:
 
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` դեսպան Միլսը կարևորել է հանդիպումը և նշել, որ այն կօգնի ՀՀ ներկա և ապագա զինվորական առաջնորդներին առավել լայն պատկերացում կազմելու ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վարվող անվտանգության քաղաքականության վերաբերյալ: «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ մենք ունենք ընդհանուր շահեր: Այնտեղ գովեստով են հիշատակվում ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրները, ինչպիսին է նաև Հայաստանը, որոնք միասին պայքարում են ահաբեկիչների դեմ և ջանում են բարելավել ահաբեկչության դեմ ուղղված պայքարն ամբողջ աշխարհում»,-ընդգծել է դիվանագետը:
Քննարկման մասնակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի անվտանգային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Եզրափակելով քննարկումները` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը կարևորել է նման հանդիպումներն ու անկեղծ քննարկումները, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն