Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը


Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը

  • 21-02-2018 20:13:53   | Բելգիա  |  Քաղաքական

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
 
Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարին` Եվրամիության բարձր ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։
 
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։
 
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականցմանը:
 
Նախարար Նալբանդյանն ու Բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծել են Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերին։
 
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։
 
ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, ինչը, նախարարի բնորոշմամբ, նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։
 
Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ է արվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության աջակցության հարցերին։
Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
 
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրել են Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։
Նոյյան տապան  -   Քաղաքական