«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են.«Արմենպրես»


«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են.«Արմենպրես»

  • 22-02-2018 11:49:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ են տարածել և նշում են, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում:

 

Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, որ տեղյակ են այնտեղ կատարվող աշխատանքների մասին: «Մենք տեղյակ են և գիտենք՝ ովքեր են այնտեղ աշխատանք կատարում: Համայնքի բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում: Բացի այդ, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ տարածքում բնական էկոհամակարգը վնասվի կամ հուշարձանը տեսքը կորցնի: Իսկ տաղավարները ընդամենը նախատեսված են զբոսաշրջիկների համար»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով` ծրագրից տեղյակ են պետական մարմինները, իսկ ֆինանսավորել է ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը: «Լուսանկարները սխալ տպավորություն են ստեղծում: Մենք ավելի ուշ նկարելու ենք ընդհանուր տարածքը ու հրապարակելու ենք, որ քաղաքացիները տեսնեն` իրականում ինչ է արվել»,- նշեց Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԲՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը նշեց, որ նախարարությունը այդ հարցով ահազանգ ստացել է և տեղեկացրել ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: «Ներկայումս տեսուչները տեղում ստուգումներ են իրականացնում: Հնարավոր է, որ դա համայնքային տարածք կամ բուֆերային գոտի լինի, այդ ամենը պետք է տեսչական մարմինը ստուգի: Ստուգումից հետո արդեն խնդիրն ավելի պարզ կլինի ,- ասաց Վարդանյանը:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը