«Երիտասարդ հայրենադարձ» մրցանակը հանձնել է Սփյուռքի նախարարը


«Երիտասարդ հայրենադարձ» մրցանակը հանձնել է Սփյուռքի նախարարը

  • 22-02-2018 12:12:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Յանս» ակումբում մասնակցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում ՀՀ սփյուռքի նախարարության ընտրությամբ երրորդ եզրափակիչ փուլ էին անցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և Հայաստանի հանրային հետուստատեսությամբ հեռարձակվող «Ճանապարհ» ֆիլմաշարի հերոս Րաֆֆի Պետրոսյանը: Քվեարկության արդյունքում «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթեց Լարիսա Հովհաննիսյանը: Մրցանակը hանձնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորեց հայրենիքում երիտասարդ հայրենադարձների կողմից իրականացվող աշխատանքները և նշեց. «Կարծում եմ՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունը հրաշալի նախաձեռնությամբ է հանդես եկել՝ գնահատելով և արժևորելով տարբեր ոլորտներում կայացած և ներդրում ունեցող երիտասարդների աշխատանքը: Մրցանակաբաշխությունում ընդգրկելով «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգը՝ սփյուռքահայ եիտասարդությանը ներկայացվում է Լարիսայի, Րաֆֆիի և նրանց նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը: Վստահ եմ, որ նրանց գործն ու կերպարը, հաջողված փորձը հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար»:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն