Մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագիրը


Մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագիրը

  • 22-02-2018 16:56:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» ծրագիրը: Առաջին հանդիպումը Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ էր՝ թավջութակահար, քառյակի համահիմնադիր Սարգիս Ասլամազյանի անունը կրող թիվ 1 երաժշտական դպրոցում: 
 
Դպրոցի սաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու կոմիտասյան երաժշտությունը շուրջ 95-ամյա պատմություն ունեցող լարային քառյակի կատարմամբ: Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ նման հանդիպումները լինելու են շարունակական:
«Դեռևս 2017 թվականից մենք աշխատում էինք ծրագրի ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր և Կոմիտասի անվան քառյակի նախաձեռնությունը համընկավ և այսպիսով տրվեց «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագրի մեկնարկը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներում, մշակույթի կենտրոններում տարվա ընթացքում սպասվում են մշակութային տարբեր գործիչների հետ հետաքրքիր հանդիպումներ, բաց դասեր» ,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն իր հերթին ընդգծել է նախաձեռնության կարևորությունն ու նկատել, որ շատ երեխաների համար նման հանդիպումները բացառիկ հետաքրքրական կլինեն: 
Համերգային ծրագրի ավարտին քառյակի անդամները շփվել են երեխաների հետ, նաև սիրով պատասխանել հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ քառյակի ստեղծման պատմության, հաջողության ճանապարհի և հետագա անելիքների մասին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն